ՀԱՕԿ-ը պատրաստ է դատվել ԿԳՄՍ նախարարության հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր «Օլիմպավանում» կայացած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի արտահերթ ասամբլեայի նիստում ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն առաջարկեց բավարար գնահատել Եվրոպական 2-րդ խաղերում Հայաստանի մարզիկների ելույթները։ Մասնակիցները սակայն առաջարկեցին գերազանց գնահատել, քանի որ մեր մարզիկներն առաջին անգամ 10-ից ավելի մեդալներ էին նվաճել նման խոշոր մրցաշարում։ Գլխավոր քարտուղարն ասաց, որ ՀԱՕԿ-ի կանոնակարգով դա հնարավոր չէ, պետք է գնահատել կամ բավարար, կամ՝ անբավարար։
Օրակարգի երկրորդ հարցը նվիրված էր Տոկիո-2020 ամառային օլիմպիական խաղերին՝ Հայաստանի մարզիկների նախապատրաստական աշխատանքներին։ ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյանը մարզական ֆեդերացիաներին առաջարկեց մեկամսյա ժամկետում ՀԱՕԿ-ին տրամադրել աշխատանքային ծրագրեր, որոնցում պետք է նշված լինեն ուսումնամարզական հավաքների և վարկանիշային մրցումների ժամանակացույցը։
Այնուհետև ՀԱՕԿ-ի ասամբլեան «ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ին հեռացրեց իր կազմից, իսկ նորաստեղծ «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ին ընդունեց՝ որպես ժամանակավոր անդամ։ Այդ ժամանակ խոսք գնաց այն մասին, որ պետությունը չի պատրաստվում ֆինանսական աջակցություն ցույց տալ նոր ֆեդերացիային։ Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ ՀԱՕԿ-ին այդ եղանակով հնարավոր չէ վախեցնել, և որ այս տարվա ապրիլից բռնցքամարտն ամբողջովին ֆինանսավորել է օլիմպիական կոմիտեն։
Նիստի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսին, երբ ՀԱՕԿ քարտուղարին տեղեկացրին, որ այսօր առավոտյան հայտարարությամբ հանդես է եկել ԿԳՄՍ նախարարությունը, նա պատասխանեց․ «Եթե իրենք համամիտ չեն մեր հետ, ապա կարող են դիմել դատարան։ Ի դեպ, կարող են դիմել միայն Լոզանի արբիտրաժային դատարանին։ Մենք պատրաստ ենք»։