Ուսանողական խաղեր. հայ մարզիկներին առայժմ չի հաջողվում մեդալ նվաճել
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող ամառային 30-րդ Համաշխարհային ունիվերսիադայում Հայաստանի մարզիկներն առայժմ մեդալ չեն նվաճել:
Ձյուդոյիստներ Բորիս Շատվերյանն ու Սամվել Խաչատրյանը պարտություն են կրել մեկնարկային մարտում եւ դուրս մնացել պայքարից: Ջրացատկորդներ Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը 10մ սինխրոն աշտարակացատկում չեն ավարտել ելույթները, քանի որ առաջինը վնասվածք է ստացել վերջին՝ 6-րդ ցատկի ժամանակ: Սուսերամարտիկ Էմմա Պողոսովան չնայած հաղթահարել էր խմբային մրցաշարը, սակայն դուրս է մնացել փլեյ-օֆֆի առաջին փուլից:
Հրաձիգ Զավեն Իգիթյանը 10մ ատրճանակով վարժությունում զբաղեցրել է 14-րդ տեղը եւ դուրս մնացել եզրափակիչ փուլից: Նրա թիմակից Հրաչ Բաբայանը 10մ հրացանով վարժությունում գրավել է 23-րդ հորիզոնականը: Էլմիրա Կարապետյանը վաղն ուժերը կփորձի 10մ ատրճանակով վարժությունում:
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը հուլիսի 7-ին հանդես կգա օղակների վրա վարժության եզրափակիչում: Նա առայժմ զբաղեցնում է 2-րդ տեղը:
Հայաստանից դեռ հանդես չեն եկել աթլետներն (Երվանդ Մկրտչյան, Լեւոն Աղասյան) ու թաեքվոնդոյիստները (Սերգեյ Վարդազարյան, Սերգեյ Ավանեսով, Արսեն Գրիգորյան):