Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroxaxer
A A
Սպորտ

Եվրոպական խաղեր. ոսկեզօծ վերջաբանի ակնկալիքով

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական 2-րդ խաղերում այսօր մրցումների նախավերջին օրն է:

Մեդալների հաշվարկով առաջին տեղը վստահ զբաղեցնում է Ռուսաստանը, որի մարզիկներն արդեն նվաճել են 81 մեդալ, այդ թվում՝ 33 ոսկե: Հայաստանն այդ աղյուսակում առայժմ գտնվում է 27-րդ համեստ հորիզոնականում: Մերոնք այս պահին իրենց ակտիվում ունեն 5 մեդալ՝ 1 ոսկե, 1՝ արծաթե, 3՝ բրոնզե:

Համեմատության կարգով նշենք, որ մեր հարեւան Վրաստանը վաստակել է 25 մեդալ, Ադրբեջանը՝ 20, Թուրքիան՝ 6: Բնականաբար, մեդալներով մենք արդեն չենք կարող պայքարել առաջին երկու երկրների հետ, իսկ ահա Թուքիային ու առջեւում գտնվող տասնյակ երկներին կարող ենք շրջանցել, եթե մրցումների վերջին երկու օրերում նվազագույնը երեք ոսկե մեդալներ նվաճենք:

Նման նախադրյալներ ունի Հայաստանը, քանի որ այսօր իր եզրափակիչ մրցամարտը կանցկացնի հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը: Պայքարի մեջ կմտնեն նաեւ մեր երկու աշխարհի չեմպիոնները՝ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը: Վաղը ոսկե մեդալների համար մարտեր կանցկացնեն մեր երկու բռնցքամարտիկները՝ Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը:

Հայաստանի համար մեդալներ կարող են նվաճել նաեւ մեր երկու մարմնամարզիկները՝ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, ինչպես նաեւ հունահռոեմական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը: Այնպես որ, մենք ակնկալում ենք ոսկեզօծ վերջաբան մեր մարզիկների համար:

Ի դեպ, եթե մերոնք կարողանան 5 ոսկե մեդալ նվաճել խաղերի վերջին երկու օրվա ընթացքում, ապա բարձրագույն պարգեւներով կարող ենք հավասարվել Վրաստանին ու Ֆրանսիային, շրջանցել Գերմանիային ու Հոլանդիային: