«Ծափ պետք է տալ, երբ որ ԱԺ նախագահն ասում է՝ որոշումն ընդունվել է». Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ
Աջակցիր «Ա1+»-ինԽորհրդարանը 114 կողմ, 4 դեմ ձայների հաշվարկով Բարձրագույն դատական խորհուրդի անդամ ընտրեց Վիգեն Քոչարյանին:
Քվեարկությանը 132 պատգամավորից մասնակցել է 119-ը, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Հիշեցնենք, որ Վիգեն Քոչարյանի թեկնածությունը առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:
Քվերակության արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո պատգամավորները սկսեցին ծափահարել: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նկատեց.
«Ծափ պետք է տալ, երբ որ ԱԺ նախագահն ասում է՝ որոշումն ընդունվել է»:
Եվս մեկ անգամ հայտարարելով, որ որոշումն ընդունվել է, պատգամավորները կրկին ծափահարեցին:
Ընտրությունից անմիջապես հետո ԲԴԽ անդամը պետք է երդվեր, սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, քանի որ Վիգեն Քոչարյանը դեռ զբաղեցնում է Արդարադատության փոխնախարարի պաշտոնը, նա չի կարող երդում տալ:
«Որովհետև այդ դեպքում կստացվի, որ նա և՛ գործադիրի, և՛ դատական իշխանությունում պաշտոն է զբաղեցնում»,- պարզաբանեց նա:
«Իմ քայլը» խմբակցությունից Աննա Կարապետյանն էլ հղում արեց Դատական օրենսգրքին, որով պահանջվում է անհապաղ երդում տալ: Սա հայտարարելուց հետո խորհրդարանականները ծիծաղեցին:
Վարման կարգով ելույթ ունեցավ Նիկոլայ Բաղղասարյանը և նշեց, որ կա նաև Եվրոպական կոնվեցիայի 5-րդ և 6-րդ հոդվածներ, որը չի բացառում, որ անհապաղ երդում տալը լինի հաջորդ նիստում: Այդուհանդերձ, Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ երդումը տեղի կունենա հունիսի 24-ին՝ երկուշաբթի օրը: