ՔՊ համագումարում Նիկոլ Փաշինյանը մեսիջ ուղղեց իշխող կուսակցությանը. քաղտեխնոլոգ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔՊ համագումարում Նիկոլ Փաշինյանը մեսիջ ուղղեց իշխող կուսակցութանը՝ ի վերջո հասկանալ՝ ինչ դիրքորոշում պետք է ընդունել այն քաղաքական ուժերի հանդեպ, որոնք նախկինում՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, եղել են ընդդիմություն, իսկ հիմա ոչ իշխանություն են, ոչ ընդդիմություն։ Նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ քաղաքական իշխող լիդերը հարց է դնում՝ եկեք ի վերջո կոմնորոշվենք՝ կարողանո՞ւմ ենք միայն մեր ռեսուրսներով ղեկավարել երկիրը, թե՞ պետք է այլ կուսակցությունների ռեսուրսներ ներգրավվել: Մենք տեսնում ենք, որ երկրում 7-8 կարևոր քաղաքական պաշտոններ զբաղեցնում են նախկին ՀՀՇ կամ ՀԱԿ և այդ շրջանակներին մոտ գտնվող մարդիկ: Սա մեսիջ էր Նիկոլ Փաշինյանի կողմից, որ պետք է ի վերջո ֆորմալիզացնել բոլոր հարաբերությունները այդ ուժերի հետ»,- ասաց նա:
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ ՔՊ համագումարում անցկացված ընտրությունները ցույց տվեցին, որ իշխող ուժում տրանսֆորմացիաներ են կատարվում:
«Սասուն Միքայելյանի չհայտնվելը ցուցակում ցույց է տալիս, որ նրա դեմ են քվեարկել, որի պատճառը հավանաբար եղել է Աբովյան քաղաքում ընտրությունների ժամանակ Ս. Միքայելյանի՝ իշխանության կողմից աջակցվող թեկնածուին չաջակցելը»:
Մամեդյարով և Մնացականյան առաջիկա հանդիպումը Վաշինգտոնում քաղտեխնոլոգը համարում է հերթապահ աշխատանքային, որից մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ:
«Սակայն պետք է նշել, որ ԱԳՆ-ների հանդիպումների մակարդակը բավականին բարձրացել է, այդ է վկայում Ջոն Բոլթոնի՝ բանակցություններին մասնակցության հանգամանքը:
Բոլթոնի մասնակցությունը ունի մի նպատակ, իրեն հետաքրքրում է Իրանի սահմանի վերահսկման հարցը: Պարզ է, որ ԱՄՆ-ի կոնցեպցիան անընդունելի է Հայաստանի համար, որովհետև հայկական կողմի համար, պարզ է, թե Իրանը ինչ նշանակություն ունի: Եվ եթե նույնիսկ հայկական կողմը որևէ քայլի գնա, կա Ռուսաստան, որին դա ձեռք չի տալիս»,- ասաց նա: