Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ դեսպանի հանդիպումը հատուկ քննության առարկա չի կարող դառնալ. ԱԳՆ փոխնախարար
Աջակցիր «Ա1+»-ինՌոբերտ Քոչարյանի եւ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ նախօրեին կայացած հանդիպումը ՀՀ ԱԳՆ-ի կողմից դատապարտելի եւ հատուկ քննության առարկա չի կարող դառնալ: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողվի նիստի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
Վերջինս հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀ ԱԳՆ տեղյա՞կ է ՀՀ-ում ՌԴ դեսպանի եւ Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս կայացած հանդիպման բովանդակության մասին, քանի որ հաջորդ օրը եղավ նաեւ պաշտոնական պարզաբանում:
Պատգամավորը փորձեց հասկանալ, թե կառավարության, մասնավորապես՝ Արտաքին հարաբերությունների գերատեսչության համար խնդի՞ր է Մարտի մեկի ոճրագործության մեջ մեղադրվող անձի եւ մեր բարեկամ, դաշնակից երկրի դեսպանի երկժամյա հանդիպման փաստը եւ բովանդակությունը, եւ ինչո՞ւ մինչեւ հիմա դեսպանը չի կանչվել նախարարություն՝ պարզաբանումների համար:
«Դիվանագիտական արարողակարգի եւ նորմերի շրջանակներում դեսպանը որեւիցե սխալ արարք չի գործել, այն չի կարող դատապարտելի եւ հատուկ քննության առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից: Դիվանագիտական արարողակարգի առումով, նույնիսկ քննության մեջ գտնվող անձի առումով մենք առարկություն, հայտարարություն չենք կարող անել»,-պարզաբանեց ԱԳ փոխնախարարը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հավելեց, որ իր համար այդ հանդիպումը տարակուսելի է եւ ընդունելի չէ: