Մեր առաջադրած մեղադրանքը հիմնավոր է. ՀՔԾ պետը՝ Քոչարյանի և մյուսների գործի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳեղամ Պետրոսյանն այս պահին ցուցմունք չի տալիս։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
Նա նշեց, որ չի ցանկանում ցուցմունքների բովանդակությունը հրապարակել։
«Որքանով ինձ հայտնի է, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները, տուժողների ներկայացուցիչները այդ մասին բարձրաձայնել են, բաց աղբյուրներով այդ տեղեկությունները կան»,- ասաց նա։
Անդրադառնալով մարտի 1-ի բոլոր սպանությունները բացահայտելու հարցին՝ Խաչատրյանը նշեց, որ բարդություններ կան, անցել է շուրջ 11 տարի։
«Բազմաթիվ իրեղեն ապացույցներ կեղծվել են, ունենք բազմաթիվ ապացույցներ այդ մասին, ինչը օբյեկտիվորեն դժվարացնում է մեր աշխատանքը, բայց մենք լավատես ենք, եւ ամեն ինչ անելու ենք, որ բոլոր սպանությունները, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտվեն»,- ասաց նա։
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու եւ այն ՍԴ ուղարկելու դատարանի որոշման մասին՝ Սասուն Խաչատրյանը նշեց, որ իրենց առաջադրած մեղադրանքը հիմնավոր է։
«Դատավոր Դավիթ Գրիգորյանը երկու ասպեկտով է դիմել Սահմանադրական դատարան։ Ես դրա հետ կապված իմ դիրքորոշումը բազմիցս հայտնել եմ՝ մեր առաջադրած մեղադրանքը հիմնավոր է»,–ասաց նա։
Պատասխանելով լրագրողի հարցին, որ տեղեկություններ կան Գագիկ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի մասին, ՀՔԾ պետը նշեց, որ չի մեկնաբանում։
Սասուն Խաչատրյանը քաղաքացիներին կոչ արեց ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն եւ ներկայացնել իրենց հայտնի բոլոր տեղեկությունները՝ մարտի 1-ի դեպքերի հետ կապված։
Տեսանյութը՝ 1in.am-ի