Բացել լրահոսը Փակել լրահոսը
61942810_2327080300949402_2143193435232796672_n
A A
Հասարակություն

Կենդանաբանական այգու  տնօրենը պետք է շնորհակալություն հայտնի գերմանացի գերիներին. ակցիա (տեսանյութ)

Կենդանաբանական այգու  ներկա և նախկին աշխատակիցները բողոք-նամակ հանձնեցին ՀՀ  վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ   Ալեքսանդր Ղազարյանին։

Նրանք  խնդրում են Նիկոլ Փաշինյանին՝  հետամուտ լինել այգում տեղի ունեցող ապօրինություններին: Նրանք շարունակում են պահանջել տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը, որին մեղադրում են կենդանասպանության և այգին վատ կառավարելու մեջ:

Այգու նախկին աշխատակից, անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանը պնդում է՝ ՝ այգում եղած 360 տեսակից մնացել է 100-ը և սա կենդանիների վերացման վառ ապացույցներից մեկն է:

Ըստ ցուցարարների՝ 8 ամիս տևող բողոքի ցույցերը որևէ էական ազդեցություն չեն ունեցել, իսկ այգում կատարված ուսումնասիրությունները՝ կենդանիների թվի նվազման հետ կապված, գաղտնի են պահվում:

Նրանք դիմել են քաղաքապետարան ստուգայցի եզրակացությունը ստանալու համար, սակայն ստացել են պատասխան, որ ոստիկանությունը, նախաքննության հանգամանքներից ելնելով,  չի թույլատրում հրապարակել դրանք: Աշխատակիցները կարծում են, որ իրականում պատճառը նախաքննության գաղտնիությունը չէ։

«Քաղաքապետարանը մեր կողմից առաջ քաշված երեք պահանջներին, որոնցից մեկը հրապարակելն էր ուսումնասիրության արդյունքները, պատասխանեցին՝ ոչ: Կտրականապես մերժեցին: Այս պարագայում գտնում ենք, որ Երևանի քաղաքապետարանը կաշկանդված է այս կամ այն գործոնով և, բնականաբար, մենք շարունակելու ենք մեր պայքարը,- ասաց «Կենդանասերների նախաձեռնող խմբի» համակարգող Արմեն Ումրշատյանը:

  Բողոքի մասնակիցները դիմել են «Իմ Քայլը»,  «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին: Նրանց կոչերին արձագանքել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ  Նաիրա Զոհրաբյանը և առաջարկել է քառակողմ հանդիպում կազմակերպել: Հանդիպումը չի կայացել, քանի որ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը չի ցանկացել:

«Ռուբեն Խաչատրյանը պետք է շնորհակալություն հայտնի գերմանացի գերիներին այգին կառուցելու համար՝ հավաքարարից սկսած մինչև տնօրեն:  Նա է միակ տնօրենը, որը միայն վնաս է տվել այգուն և այդ պատճառով պետք է հեռանա»,- ամփոփեց աշխատակից Կարեն Մարտիրոսյանը: