ԲՀԿ-ական պատգամավորները պատասխանատու են ամբաստանյանլի վարքագծի համար. դատախազ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռերի» գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող նիստը: Նիստին ներկա չէր ամբաստանյալ Վարդգես Գևորգյանը, որը գործով անցնում է որպես օժանդակող։ Վերջինս նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ տեղեկացրել էր դատարանին, որ աշխատանքի է անցել Պաշտպանության բանակում և ամսվա մեջ 15 օրով լինում է դիրքերում։ Այս առնչությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ դա շատ ողջունելի է, որ նա առաջնագծում սահմանն է պաշտպանում, բայց այդ պատճառով դատական նիստերը չեն կարող խոչընդոտվել։
Մեղադրանքի կողմը ևս Գևորգյանի առաջնագծում ծառայելը ողջունելի է համարում, սակայն, ծառայությունը պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի դատական նիստերը չխոչընդոտվեն։ Մեղադրողներից՝ Հակոբ Ենոքյանի խոսքերով, իրենք չունեն տեղեկատվություն, որ նա անփոխարինելի է, ուստի, իր դատական նիստերի օրերին հրամանատարությունը կարող է նրան փոխարինել մեկ այլ զինծառայողով։
Այսօրվա նիստին Վարդգես Գևորգյանը պատշաճ կերպով ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել և դատարանին որևէ ձևով տեղյակ չի պահել իր չներկայանալու մասին։
Այս առնչությամբ մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանն ասաց,որ նկատի ունենալով, որ Վարդգես Գևորգյանի նկատմամբ ընտրված է խափանման միջոց՝ անձնական երաշխավորությունը, ապա իրենց կարծիքով՝ նրա վարքագծի վերաբերյալ պետք է տեղեկություններ հաղորդվեն նաև անձնական երաշխավորություն ներկայացրած անձանց, քանի որ նրանք էլ են պատասխանատու Վարդգես Գևորգյանի ոչ պատշաճ վարքագծի համար։
Այդ անձինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանն ու Վահե Էնֆիաջյանն են։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ ասաց, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա դատարանը կարող է համապատասխան նամակ ուղարկել Արցախի պաշտպանության նախարարին, որպեսզի Վարդգես Գևորգյանը նիստերի ներկայանա։ Այս առնչությամբ հայտնելով իր կարծիքը՝ ամբաստանյալ Կարո Եղնուկյանը, որը նույնպես մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ՝ ասաց, որ ինչպես բազմիցս ասել է, ներկայումս էլ միջնորդում է, որ օժանդակողների գործերն առանձնացնեն։ Եղնուկյանի խոսքերով՝ այդպիսով այս մասով գործն ավելի կհեշտանա և 2-3 նիստով կվերջացնեն։
Կողմերին լսելուց հետո դատավորն ասաց, որ Վարդգես Գևորգյանի բացակայությամբ հնարավոր չէ դատական նիստը շարունակել։ Հաջորդ նիստը կկայանա հաջորդ հինգշաբթի՝ հունիսի 13-ին,ժամը 11.00-ին։