Արագած գյուղի բնակիչները վաղը ճանապարհ կփակեն
Աջակցիր «Ա1+»-ինԱրագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչները հնարավոր է վաղը՝ հունիսի 6-ին ճանապարհ փակեն։ Պատճառը գյուղի ոռոգման ջրի մատակարար հանդիսացող Գեղարոտ գետի վրագործող 2 փոքր ՀԷԿ-երի պատճառով առաջացող խնդիրներն են։ Մասնավորապես՝ ջրի աղտոտումը։
«ԳԵՍ-երը, երբ դրեցին, ջուրը 5 րոպե հետո միանգամից լցվում էր գյուղի մեջ։ Ջրի մեջ ծանր մետաղներ կան, ինչ ասես կա ջրի մեջ ու բնությունը չորացնում է, ցորենից սկսած՝ ծառերով վերջացրած»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արբակ Գասպարյանը։
Գյուղի բնակիչները խնդրի առնչությամբ 1 ամիս առաջ դիմել են նաև Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանին։ Արբակ Գասպարյանի խոսքով, դեռ այն ժամանակ են ցանկացել ճանապարհ փակել, բայց լսելով Վարազդատ Կարապետյանին, որոշել են հարցի լուծումը գտնել օրինական ճանապարհով։
«2 անգամ եկան ԳԵՍ-երից անալիզ վերցնելու։ Եթե ջրի թթվայնությունը մոտ 7%-ից պակաս լինի, ապա այն ոռոգման ենթակա ջուր չի։ Պետք է թթվայնությունը դրանից բաձր լինի։ Իսկ մենք տեղում՝ գետից թափվող ջրի ցանկացած հատվածից վերցրեցիք 4%-ից չի անցել»,- պարզաբանեց Արբակ Գասպարյանը։
Արագածի բնակիչները վաղն առավոտյան՝ 08։30-ից կհավաքվեն և բողոքի ակցիա կիրականացնեն։ Արբակ Գասպարյանն ասաց, որ չի բացառում, որ ճանապարհ փակեն։
«Մենք չենք ուզում դրան գնալ, բայց ճանապարհ փակելը առիթ է, որպեսզի մարդկանց հետ հանդիպենք։ Հարցի լուծում չկա, չգիտենք ինչպես հարցը լուծենք»,- եզրափակեց Արբակ Գասպարյանը։