Պավլիկ Մանուկյանին դատավորը հեռացրեց 15 ժամով (տեսանյութ)
«Սասնա ծռերի» գործով նիստի ժամանակ դատարանում հարցաքննվեցին գործով անցնող երեք վկա՝ Ռուզաննա Մարգարյանը, Համլետ Ղուկասյանը և Հենրիկ Մուշեղյանը ։
Ռուզաննա Մարգարյանը բուժաշխատող է, որն, իր խոսքով, շատ բան չէր հիշում։Սակայն նշեց, որ երբ գնացել է ՊՊԾ գնդի տարածք տեսել է հաղթանադամ մարդու դի։Ամենայն հավանականությամբ խոսքը ՊՊԾ գնդի պետի տեղակալ Արթուր Վանոյանի մասին է։
Նա նշեց, որ ինքն արձանագրել է, որ տղամարդու մահը տեղի է ունեցել մինչև շտապօգնության գալը։
Այլ հարցերի նա պատասխանում էր կցկտուր և կարիք եղավ հրապարակելու նրա նախաքննական ցումունքները, քանի որ, ըստ մեղադրողի, նրա ցուցմունքներում կան էական հակասություններ:
Ըստ Ռուզաննա Մարգարյանի՝ հակասությունները կապված էին այն բանի հետ, որ անցել է երկար ժամանակ և ինքը լավ չի հիշում իրադարձությունները և հավաստեց՝ իր նախաքննության ժամանակ տված ցուցմունքների ճիշտ լինելը.
Իսկ վկա Համլետ Ղուկասյանը, որն այդ ժամանակ եղել է ոստիկանության աշխատակից, տեղեկացրեց, որ 2016 թվականի հուլիս 30-ին իրենք նստել են մեքենան և շարժվել դեպի Խորենացի փողոց և երբ հասել են Տիգրան Մեծ փողոց իրենց դիմաց փակ է եղել «կռանով» ։
«Մի պահ կանգնեցինք, մեր հետևից գալիս էր Յուրի Տեփանոսյանի մեքենան իրանք էլ մեր հետևից կանգնեցին, այդ պահին կրակոց լսեցինք երկու, թե երեք հատ: Հետո նկատեցինք, որ մեքենայի հետևի ապակու վրա կրակոցի հետք կա: Մենք շարունակեցինք դեպի Խորենացի փողոց, մի 5-10 րոպեից իմացանք, որ գլխի հատվածի կրակոցից Յուրի Տեփանոսյանը մահացել է: Ինձ թվում է, որ կրակոցը ՊՊԾ գնդի կողմից էր»,- ասաց Համլետ Ղուկասյանը:
Մեսրոպ Մակյանի այն հարցին, թե արդյոք լարված եղե՞լ են Յուրա Տեփանոսյանի և իրենց զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի հարաբերությունները, Համլետ Ղուկասյանն ասաց, որ նման տեղեկություն չունի. Նույն հարցը դատավորը տվեց նաև մեկ այլ վկա Հենրիկ Մուշեղյանին, որը նույնպես ոստիկանության աշխատակից է, վերջինս նույնպես ասաց, որ չունի նման տեղեկություն.
Նիստի ավարտին, ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի և մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի միջև տեղի ունեցավ լեզվակռիվ։
Երբ դատավորը նկատողություն արեց Պավլիկ Մանուկյանին՝ ասելով, որ սանկցիա կկիրառի կրկնվելու դեպքում, սակայն վերջինս շարունակեց նույն կերպ, դատավորը նրան 15 ժամով հեռացրեց դատական նիստերի դահլիճից: