Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սարհաթ Պետրոսյան նկար
A A
Քաղաքականություն

Այսուհետ կադաստրային գրասենյակների տեղը կարիք չի լինի իմանալու. Սարհատ Պետրոսյան

Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանն այսօր ամփոփեց նախորդ 10 ամիսների աշխատանքը, խոսեց նաև առաջիկա ծրագրերի մասին։

Նրա խոսքով, առաջիկայում մի շարք բարեփոխումներ են ձեռնարկվելու։ Մասնավորապես, խորքային առումով փոխվելու է գույքի գրանցման և  գեոդեզիայի մասին օրենքները։ Ինչպես նաև, ամբողջովին փոխվելու է անշարժ գույքի շուկայական գնահատման տրամաբանությունը։ Օրենքի նախագիծը պատրաստ է և մոտ ապագայում այն կսկսի շրջանառվել։

 Սարհատ Պետրոսյանի նշեց, որ նախատեսված է համակարգում կառուցվածքային փոփոխություններ իրականացնել։ Կադաստրում այլևս չի լինելու տարածքային  տրամաբանության հիման վրա աշխատող առանձնացված ստորաբաժանումներ։ Եվ որպեսզի ողջ գործընթացները  չկենտրոնանան Երևանում քաղաքում, նախատեսվում է Վանաձոր քաղաքում կառուցել  խոշոր ստորաբաժանման շենք, որտեղ էլ կպահպանվեն բոլոր թղթային արխիվները։

«Համակարգում գործող միակ ՊՕԱԿ-ր անվանափոխվելու է և դառնալու լուրջ գիտահետազոտական ինստիտուտ, որը շատ կարևոր գործառույթներ է ունենալու պետական կառավարման համակարգում, ինչպես նաև մոտ ապագայում հնարավորություն է լինելու կադաստրի բոլոր ծառայությունները առցանց իրականացնել։ Այսուհետ, ընդհանրապես, կադաստրային գրասենյակների տեղը կարիք չի լինի իմանալ՝ ամեն ինչ կիրականացվի առցանց» .ասաց կոմիտեի նախագահը։

Ղեկավարը խոսելով աշխատանքի ընթացքում եղած բացթողումներին,  նշեց, որ իր բացթողումն է համարում այն, որ առավել ուշադիր չի եղել համակարգում եղած խոշոր խնդիրների նկատմամբ։ Սակայն այս ամիսների ընթացքում կարողացել են կազմաքանդել կադաստրում գործող Երևանի քաղաքապետարանի և կադաստրի միջև եղած կոռուպցիոն սխեման, որը եղել է նաև Երևանի քաղաքապետի ջանքերի շնորհիվ։ Նախարարը  նշեց, որ համակարգում նախկինում անփույթ մոտեցում է եղել և հանրային միջոցներ են ծախսվել, որի մասին առաջիկայում կտեղեկացվեն։

«Կա սպասում, որ կադաստրի կոմիտեն պետք է իր բացահայտումների մասին կիսվի, սակայն ես պետք է նորից ասեմ, որ կադաստրային կոմիտեն լինելով ՀՀ- ում անշարժ գույքի սեփականության իրավունքի երաշխավոր, չպետք է մտնի այդ դաշտ և բոլոր բացահայտումներն ուղարկվում են իրավապահ մարմիններին և մամուլից կարող եք ծանոթանալ անշարժ գույքի հետ կապված գործընթացների բացահայտումներին»։

Սարհատ Պետրոսյանը ավելացրեց, որ նախաձեռնած բարեփոխումները առաջիկա մի քանի տարիներին հսկայական մարդկային ռեսուրս է պահանջելու և համակարգում ներգրավված անձանց թվաքանակի նվազում 3-4 տարվա ընթացքում չեն կանխատեսում։