Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քաղաքացիները խարդախության զոհ են դարձել (տեսանյութ)

Երևանի բնակիչներ Վարդանուշ Գրիգորյանը, Վարսենիկ Շուխյանը,  Նարինե Հարությունյանը և նրանց  ընտանիքի անդամները, դարձել են խարդախության զոհ: Նրանք  հավաքվել էին կառավարության շենքի մոտ։

Նրանց պատմելով՝  իրենց վստահությունը  չարաշահել ու «գցել» է Վարդուշ Եղիկյան անունով իրենց ծանոթը:  Դեպքը տեղի է ունեցել 2012թ-ին։

Վարդանուշ Գրիգորյանի փոխանցմամբ՝  Վարդուշ Եղիկյանը, իրենից 160 հազար դրամ, 50 հազար դրամի սպասք է վերցել և չի վերադարձրել։  Դեռեւս 2012թ  վերջին  խարդախության զոհ դարձած քաղաքացիները դիմել են ոստիկանություն։ «Իրան փախցնում ա իրա ընկերը, տանում Գյումրու օդանավակայան ու ընդեղից թռցնում են»,- նշում է Վարդանուշ Գրիգորյանը՝ նկատի ունենալով, որ գործը երբ հասնում է ոստիկանությանը, Եղիկյանը լքում է երկիրը, և վերջինիս հանդեպ հետախուզում է հայտարարվում։ Գործը 7 տարի քննվում է, սակայն անարդյունք:

 2019 թ. մարտին այս գործով քննիչ Ռուբեն Նազարյանը զանգահարում է տուժողներին և տեղեկացնում, որ Ռուզան Եղիկյանը վերադարձել է Հայաստան: «Կանչում է, գնում ենք առերեսման: Մեզ շատ կոպիտ են վերաբերվում, հանցագործին էլ գլխներին դրած (նկատի ունի Վարդուշ Եղիկյանին – հեղ.)՝ թե ինչ է կատարվում մեզանից հետո, խոսում են, էդ ամեն ինչը կատարվում է, և մենք մնում ենք նորից ձեռնունայն»,- շարունակում է գործով տուժողը: Իսկ իրենց բողոքի հիման վրա դատախազությունը մերժում է գործ հարուցել: 

Տուժողներից մյուսի Նարինե Հարությունյանի խոսքով՝ Եղիկյանը 2012 թ. պատճառաբանելով, թե դուստրը հղի և հիվանդանոցի հետ կապված ծախսերը պետ է հոգա, խաբեությամբ համոզել է իր համար ապառիկով հեռախոս, համակարգիչ և այլ տեխնիկական միջոցներ վերցնել: «Խնդրում եմ մարդ հավաքենք մի քնաի հոգի գնանք ապրանք վերցնենք, ամուսնուս ընկերոջ գրավատանը գրավ դնենք, էդ գումարները վերցնենք, հիվանդանոցի հարցը լուծեմ, մնացածի հետ դուք խնդիր չունեք: Իմ ամուսինը գումարն ուղարկում ու ես իմ պարտքուպահանջը փակում եմ»,- Եղիկյանի խոսքերն է վերարտադրում տուժողը:

Նաիրա Հարությունյանը Եղիկյանի հորդորով՝ ապառիկով վերցրել է 1 հատ նոթբուք, «Արմենթել»-ից 160 հազար դրամանոց հեռախոս, «Օրանժ»-ից 60 հազար դրամանոց  հեռախոս, իսկ մի քանի օր անց Եղիկյանը տուժողի տղային է համոզել նոթբուք և «Օրանժ»-ից հեռախոս, աղջկան՝ մի հեռախոս, որոշ ժամանակ անց էլ արդեն տուժողի քրոջը հեռախոս վերցնել և բոլորին «գցել» է:

Վարսենիկ Շուխյանը Եղիկյանի «խնդրանքով» ապառիկով վերցրել է 2 հեռախոս և նույնպես դարձել խարդախության զոհ:

Քաղաքացիները նաև նամակներով դիմել  են գլխավոր դատախազին, իսկ պատասխանը եկել է հետևյալ բովանդակությամբ. «Գործը վերահսկվում է, մենք ձեզ կտեղեկացնենք ընթացքի մասին»:

 «Ա1+»-ը կապ հաստատեց Վարդուշ Եղիկյանի փաստաբան Արսեն Սարգսյանի հետ: Փաստաբանն ասաց, որ այս գործով միջնորդություն են ներկայացրել, որպեսզի գործը վաղեմության ժամկետի հիմքով կարճվի:

«Ա1+»-ն ավելի վաղ կապ էր հաստատել գործով քննիչ Ռուբեն Նազարյանի հետ, ով ասաց, որ որևէ մեկնաբանություն տալ չի կարող:

  Մանրամասները տեսանյութում