Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Շատ կարեւոր է, որ կենտրոնական բանկը մնա անկախ ու ապաքաղաքական կառույց. Բաբկեն Թունյան (տեսանյութ)

Կենտրոնական բանկի գործունեության  հաշվետվության կամ գնաճի հաշվետվության  քննարկման ժամանակ, այսօր ԱԺ ամբիոնից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր,  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հակադարձելով այն կարծիքներին, որ Կենտրոնական բանկը չպետք է զսպի գնաճը, ընդգծեց, որ Կենտրոնական բանկի գործն է զսպել գնաճը:

«Կենտրոնական բանկի ֆունկցիան տնտեսական աճ ապահովելը չի, տնտեսական աճ ապահովելը Կառավարության ֆունկցիան է, այլ հարց է, որ Կենտրոնական բանկն ու կառավարությունը պետք է կոորդինացված գործեն, որպեսզի և՛ գները փայլուն լինեն, և՛ տնտեսական աճ կապահովվի: Կենտրոնական բանկը պատասխանատու է գնաճի համար, այսինքն՝ գների ընդհանուր մակարդակի համար, առանձին ապրանքների գների համար՝ երշիկ, կարագ, բենզին, դրանց համար պատասխանատու է ՏՄՊՊՀ, այսինքն՝ հարցի հասցեատերերին չպետք է խառնել: Շատ կարեւոր է, որ Կենտրոնական բանկը մնա անկախ ու ապաքաղաքական կառույց, բայց միաժամանակ Կենտրոնական բանկն էլ պետք է մնա իր իրավասությունների տիրույթում, որովհետեւ մեկ-մեկ մենք ինքներս Կենտրոնական բանկին չափից ավելի իրավասություններ ենք վերագրում»,-ասաց Թունյանը:

Բաբկեն Թունյանը վերջում խոսեց Կենտրոնական բանկից սպասումների մասին, հիշելով հայտնի արտահայտությունը, որ եթե բոլորը խոսում են, որ գները կբարձրանան, ուրեմն գները կբարձրանան:

«Այդ առումով ուզում եմ ասել, որ բացի կենտրոնական բանկից, բացի կառավարությունից, եթե գլոբալ նայենք ամեն ինչին՝ մեր խոսքերի ու արտահայտությունների նկատմամբ մի քիչ ավելի պատասխանատու լինենք, որովհետեւ մեր խոսքերը սպասումներ են ձեւավորում, իսկ սպասումները կարող են էականորեն ազդել մեր տնտեսական զարգացման վրա»,-եզրափակեց Բաբկեն Թունյանը: