Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դուք պետք է հեռանաք այս պաշտոնից. ԼՀԿ-ական պատգամավորը՝ Արթուր Ջավադյանին (տեսանյութ)

«Դուք ո՛չ տնտեսագետ եք, ո՛չ ֆինանսիստ, ի՞նչ կապ ունեք Կենտրոնական բանկի հետ, ո՞րն է ձեր ներդրումը այս կառույցում»,- Ազգային ժողովում հարցը բարձրաձայնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը, դիմելով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:

 Արմեն Եղիազարյանը չի վերհիշում, թե ինչ ձեռքբերում է  ունեցել Կենտրոնական բանկը, երբ այն նախագահել է Արթուր Ջավադյանը:

Վերջինս օրինակներ բերեց գնաճի կայունության, տնտեսական աճի ցուցանիշների,  2008 և 2014թթ. ֆինանսական  ճգնաժամերի հաղթահարման վերաբերյալ և հավելեց, որ այդ ամենին հասել են Կենտրոնական բանկի թիմի պրոֆեսիոնալ լինելու շնորհիվ:

«Մեր համակարգը այնքան պինդ ու հուսալի էր, որ դիմացավ այդ ճգնաժամերին, իսկ աշխարհի բավականին լուրջ բանկեր ու կառույցներ չդիմացան դրան»,- ընդգծեց Արթուր Ջավադյանը:

Ինչ վերաբերում է մասնագիտությամբ տնտեսագետ չլինելուն, ապա Ջավադյանն ընդգծեց, որ այնպես չէ, որ ֆինանսներից պատկերացում չունի, դասընթացներ ունեցել է: Իսկ մինչև Կենտրոնական բանկ գալը, Հայաստանի առևտրային բանկի ղեկավար է եղել:

ԿԲ նախագահի պատասխանը չգոհացրեց Արմեն Եղիազարյանին: Նա պահանջեց Ջավադյանից մատնանշել այնպիսի բան, որը կարելի է վերագրել անձամբ նրան:

«Որևէ  ընդհանրություն  Ձեր և Կենտրոնական բանկի միջև չեմ տեսնում: Կարծում  եմ, դուք պետք է հեռանաք այս պաշտոնից»,- շեշտեց Արմեն Եղիազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: