Վեթինգը և անցումային արդարարադատությունը ժամանակավոր միջոցառումներ են. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Հանրային խորհրդի նիստում պետք է քննարկվեր վեթինգի և անցումային արդարադատության գործընթացի մասին, սակայն քննարկումը չկայացավ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի բացակայության պատճառով: Նախարարը շտապ հրավիրվել էր ԱԺ:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ վեթինգը և անցումային արդարադատությունը ժամանակավոր միջոցառումներ են: Հարկ լինելու դեպքում, պետք է բարեփոխումներ կատարել օրենքներում և սահմանադրության մեջ: Նա համոզված է, որ կոռուպցիայի դեմ պայքարը տասնամյակների և հարյուրամյակների մշտական պայքարի արդյունքում կարող է միայն դրական փոփոխությունների հանգեցնել:
ՀԽ նախագահը նշեց, որ Վենետիկի խումբը և Եվրոպայի դատավորների կոնսուլտատիվ խորհուրդը, 2015 թվին միջանկյալ զեկույցում անդրադառնալով Ալբանիայում իրականացող պրոցեսներին, նշել են, որ շատ վտանգավոր գործիք է վեթինգը և արդարացված է միայն այն դեպքում, եթե անցում է կատարվում բռնապետությունից, ֆաշիզմից կամ կոմունիզմից՝ ժողովրդավարություն: Հայաստանը այդպիսին չի եղել, այն զարգացող դեմոկրատական երկիր էր:
«Այս մի տարվա ընթացքում ոչ մի ստրուկտուրա չի փոխվել: Այսինքն` մենք չենք անցել մի վիճակից մյուսին: Որպեսզի մենք անցնենք վեթինգին կամ անցումայինին՝ մենք ամբողջ աշխարհին պիտի ապացուցենք, որ նախորդ ժամանակաշրջանում եղել ենք բռնապետություն: Ձեզ եմ հարցնում՝ ձեռնտո՞ւ է, որ Հայաստանն ապացուցի աշխարհին, որ ինքը եղել է բռնապետություն»:
Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի ստեղծմանը, Վազգեն Մանուկյանը նշեց, որ գործընթացը համարում է վտանգավոր, սակայն, քանի որ հանձնաժողովն արդեն ստեղծվել է, ինքն իրավունք չունի ձայն հանելու: Հանձնաժողովը կաշխատի և պարզ կդառնա՝ վտանգավոր է, թե՝ ոչ:
Վազգեն Մանուկյանը նաև նշեց, որ դա իր անձնական կարծիքն է, քանի որ Հանրային խորհուրդը պայմանավորվածություն ունի՝ պետաիրավական հանձնաժողովում քննարկել վեթինգի և անցումային արդարադատության մասին հարցը, որից հետո նախագիծը կներկայացնի Հանրային խորհրդին, վերջինս էլ քվեարկությամբ իր դիրքորոշումը կհայտնի: