Ձեր զավակին ինչպես ուզում եք կոչեք, բայց իմ զավակի անունն է՝ Անկախության օր․ Պարույր Հայրիկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇուրջ 30 տարի մայիսի 28-ին ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանը ԱԻՄ-ի անդամներով այցելում են Էջմիածին՝ Գևորգ կաթողիկոսի շիրմին, որի քաջալերող խոսքն ըստ Պարույր Հայրիկյանի՝ Սարդարապատի հերոսամարտում մեծ դերակատարություն է ունեցել:
Այս տարի ևս բացառություն չէ, Էջմիածնից հետո ԱԻՄ-ի նախագահը և անդամները այցելեցին Հանրապետության Հրապարակ: Շնորհավորելով ներկաներին Պարույր Հայրիկյանը նշեց, որ թեև այս օրը տոնական է, բայց այնուամենայնիվ չի կարող իր վրդովմունքը զսպել:
«Ուղղակի անպատկառություն ՝ 1919 թվականի այս օրերին նշվեց Հայաստանի անկախության մեկ ամյակը: ՀՀ ԱԺ-ն որոշեց, որ մայիսի 28-ը լինելու է Հայաստանի անկախության օրը, այսինքն` նրանք կտակեցին այդ օրը և անունն էլ դրեցին: Հետո նախ կոչեցին Առաջին Հանրապետության օր, իսկ հիմա տոների և հիշատակի մասին օրենքով կոչվում է պարզապես Հանրապետության օր: Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանին դիմել եմ, կոչ անելով Մայիսի 28-ը կոչել Անկախության օր, ինչպես որ նախանշել են օրվա հիմնադիրները»:
Քաղաքագետը նաև նշեց, որ սեպտեմբերի 21-ի օրվա կոչման նախաձեռնողընաև ինքն է եղել, սակայն չգիտես ինչու այդ մասին չի հիշատակվում, հավանաբար պատճառը այն է, որ ԱԻՄ-ի հետ է կապված:
«1973 թվականին 46 տարի առաջ Ազգային Միացյալ Կուսակցության Խորհրդին առաջարկել եմ, որ մեր անկախության ճանապարհը պետք է լինի ինքնորոշումը՝ անկախություն հանրաքվեի ճանապարհով: Իմ ստեղծած օրը, որը ես կոչել եմ Ինքնորոշման օր, որի հետ իրենք ոչ մի կապ չունեն՝ կոչում են անկախության օր: Ախր ձեզ ո՞վ է այդպիսի անպատկառություն ներարկել: Ձեր զավակին ինչպես ուզում եք կոչեք, բայց իմ զավակի անունը ես եմ դրել, ես գիտեմ դրա էությունը»:
Նրա կարծիքով 1991թվականին սեպտեմբերի 21-ը կոչելով Անկախության օր, մենք անտեսում ենք ոչ միայն մայիսի 28-ը այլև օգոստոսի 23-ը:
ԱԻՄ-ի նախագահը և անդամները Հանրապետության հրապարակից այցելելու են Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի, Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր Հայկազ Խաչատրյանի և ԱԻՄ-ի հիմնադիր Մովսես Գորգիսյանի շիրիմներին: