ԱԳՆ խոսնակը՝ Հենրիխ Մխիթարյանի Բաքու գնալու մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲիշքեկում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին կմասնակցի նաեւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Աննա Նաղդալյանի ներկայացմամբ՝ քննարկվելու են խորհրդի օրակարգի այն հարցերը, որոնք առնչվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանը և գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում բոլոր այն քայլերին, որոնք ուղված են իրավական բացի լրացմանը:
Զոհրաբ Մնացականյանը մայիսին հանդիպումներ կունենա Չինաստանի ԱԳ նախարարի հետ, որի այցը նախատեսվում է առաջիկայում: Մայիսին տարածաշրջանային այցով Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում կլինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարները:
Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ հունիսին Բրյուսելում տեղի կունենա ՀՀ-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը:
Հայկական ծագում ունեցող ֆուտբոլասերներին անվտանգության երաշխիքներ չտալը՝ ռասիզմի դրսեւորում
«Սպորտը վեր է քաղաքականությունից եւ մենք կողջունեինք, եթե ադրբեջանական կողմը հավատարիմ լիներ այդ սկզբունքին: Եթե ադրբեջանական կողմից համապատասխան անվտանգության երաշխիքներ տրվեին, որոնք կբավարարեին և Հենրիխ Մխիթարյանին, և իր թիմին, ապա ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որևէ առարկություն Հենրիխ Մխիթարյանի մասնակցությանը Բաքվում կայանալիք խաղին չէր ունենա»,- ասաց Նաղդալյանը:
ԱԳՆ խոսնակը նշեց նաեւ, որ Հայաստանի կողմից բարձրացվելու է միջազգային գործընկերների առջև այն հարցը, որ Ադրբեջանի կողմից ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքն իրենց երկիր արգելվելու է:
«Սպորտում ռասիզմի և այլատյացության դրսևորումները որևէ տեղ չպետք է ունենան: Այս առումով Ադրբեջանի կողմից նման երաշխիքների չտրամադրումն ու ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքի արգելքը ոչ այլ ինչ է, քան ռասիստական նոր դրսևորում, և դա կասկածի տակ է դնում Ադրբեջանում նման կարգի միջազգային միջոցառումների անցկացումը: Այս խաղով Ադրբեջանը հնարավորություն ուներ ցույց տալու, թե որքան է իրապես պատրաստ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն, սակայն մենք ոչ միայն չտեսանք որևէ ներդրում այս ուղղությամբ, այլ նաև ականատես եղանք ռասիստական նոր դրսևորումների: Բնականաբար, մեր կողմից այս հանգամանքը բարձրաձայնվելու է մեր միջազգային գործընկերների առջև»,-ասաց նա։