Գրոսմայստերների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին. «Կենդանի լեգենդը պետք է աշխատի»
Աջակցիր «Ա1+»-ին«Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը մայիսի 7-ից հետո կարող է նոր տնօրեն ունենալ։ Երեւանի քաղաքապետարանը, որի ենթակայությամբ գործում է դպրոցը, որոշել է փոխել տնօրենին եւ մրցույթ է անցկացնում։ Դպրոցը տնօրինում է Երևանի պատվավոր քաղաքացի, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, ում անունով էլ 2016թ անվանակոչվել է մարզադպրոցը։ Քաղաքային իշխանությունները որոշել են փոխել տնօրենին , քանի որ 67 տարեկան է։ Ի դեպ, Ռաֆայել Վահանյանն առաջին հայաստանցին է, որն արժանացել է միջազգային գրոսմայստերի կոչման։
Հայաստանի շախմատիստները բաց նամակ են ուղարկել ՀՀ վարչապետին՝ կապված Ռ.Վահանյանի դպրոցի տնօրենի մրցույթի վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հարգելի՛ պարոն Փաշինյան,
Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ «Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար: Ներկայումս դպրոցի տնօրեն է հանդիսանում Երևանի պատվավոր քաղաքացի, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, ում անունով էլ կոչվում է դպրոցը:
Ռաֆայել Վահանյանը համարվում է հայկական շախմատի կենդանի լեգենդ, նա ԽՍՀՄ հավաքականի կազմում 1984 և 1986 թվականների համաշխարհային շախմատի օլիմպիադաների, 1985 և 1989 թվականների աշխարհի թիմային առաջնությունների, 1980, 1983 և 1989 թվականների Եվրոպայի թիմային առաջնությունների չեմպիոն է:
Ռաֆայել Վահանյանը մեծ ավանդ ունի Հայաստանում շախմատի զարգացման և հանրահռչակման գործում: Հանդիսանալով իր անունը կրող դպրոցի տնօրենը՝ շարունակում է անգնահատելի ծառայություն մատուցել հայկական շախմատին:
Ռաֆայել Վահանյանը մեծ հեղինակություն է վայելում շախմատային աշխարհում, դեռևս 2008 թվականին աշխարհի չեմպիոն Բորիս Սպասկու և Ռումինիայի ԱԺ նախագահի նախաձեռնությամբ Բուխարեստ քաղաքում հիմնադրվել է Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի ակադեմիան: Ռաֆայել Վահանյանը արժանացել է մի շարք պետական պարգևների՝ 1985 թվականին «Աշխատանքային արիության համար», 2001 թվականին «Մովսես Խորենացու» մեդալով, 2011 թվականի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Միակ հայ շախմատիստն է, ով արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման:
Առաջին հայ շախմատիստն է, ում շնորհվել է միջազգային գրոսմայստերի կոչում:
Գրոսմայստերների համար մեծ անակնկալ էր նման մրցույթի անցկացումը: Ամբողջ շախմատային ընտանիքի և նրա շուրջը կանգնած մարդկանց կարծիքով, նման մրցույթի անցկացումը դիտվում է շատ բացասական:
Ընդհակառակը, պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ռաֆայել Վահանյանը շարունակի աշխատել և իր գիտելիքները փոխանցի ապագա սերունդներին: Մեր շախմատային ընտանիքը ուրախ է և շնորհակալ, որ Ռաֆայել Վահանյանը տնօրինում է իր անունը կրող դպրոցը և այդ մրցույթը չպետք է վերաբերվի մեր Լեգենդին, քանի որ նրա ամեն մի խոսքը, ամեն մի բացատրությունը, նրա ներկայությունը մեծ ներդրում է գալիք սերունդների զարգացման համար: