Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուժել են հոսանքից

Մարզեր

Հոկտեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած հոսանքի լարման տատանումից հետո Հովունի եւ Մայիսյան համայնքներում կարելի է գտնել տասնյակներով շարքից  դուրս  եկած  հեռուստացույցներ, սառնարաններ, ջրատաքացուցիչներ  եւ  այլ  էլեկտրասարքավորումներ: Գյուղապետերը դիմել են մարզային էլցանց՝ ներկայացնելով տուժած ընտանիքների ցուցակը եւ պահանջելով փոխհատուցում: Ընդհանուր առմամբ վնասներ է կրել մոտ 140 ընտանիք:

Հոկտեմբերի 13-ի գիշերը, մոտ ժամը երեքին Մայիսյան համայնքի բնակիչներից ոմանք նկատել են հոսանքի լարման տատանումը եւ սենյակներում զգացել են ծխի հոտ: Կենցաղային էլեկտրասարքավորումներն անջատել են հոսանքի աղբյուրից, սակայն առավոտյան նկատել են, որ այդ միջոցառումն արդեն ուշացած է եղել: Առաքելյան Հռիփսիմեն ցանկացել է թոռանն ուրախացնել մուլտֆիլմի նոր տեսասկավառակով, սակայն փոքրիկի ուրախությունը քիչ է տեւել:

Քիչ այն կողմ բնակվող Հովհաննես Սահակյանը մի քանի ամիս առաջ գնել էր թանկարժեք հեռուստացույց, որը եւս առավոտյան հրաժարվել է աշխատել. ՙՅոթ  ամիս առաջ էի գնել: Տարա խանութ, ասեցին, որ իրենց մեղքով չէ, այլ հոսանքի լարման տատանման պատճառով է եղել, ուստի  իրենք  չեն  պարտավորվում  վերանորոգել, - պատմում  է  նա  եւ  ավելացնում, -  Զանգեցի տուն, զանգ չգնաց: Պարզվեց՝ հեռախոսն էլ է շարքից  դուրս  եկել՚:

Դեպքի պատճառով հատկապես տուժել է Մայիսյանի միջնակարգ դպրոցի համակարգչային լսարանը: Այն համալրված էր ինը համակարգչով, որոնք ծառայում էին թե՜ դպրոցի գործավարության, թե՜ աշակերտների դասերի կազմակերպմանը:

  Մայիսյանում ընդհանուր առմամբ տուժել է մոտ 50 ընտանիք:

Իսկ Հովունիում նրանց թիվը հասնում է 90-ի: Այստեղ եւս նկատել են հոսանքի լարման տատանումը:

Անժելա տատի ու իր ամուսնու համար արտաքին աշխարհի հետ կապող միակ միջոցը հեռուստացույցն այլեւս չի ծառայում նպատակին: ՙՄեր բիձեն շատ հավես ունի, ասում էր բա չիմանա՞նք Թուրքիայի հետ ինչ եղան մեր գործերը, քաղաքում ինչ կա: Թոռս գնաց էս փոքրիկ հեռուստացույցը բերեց՚, - պատմում  է  Անժելա  տատը:

  Հովունիում, որտեղ բնակվում է 136 ընտանիք, շարքից դուրս է եկել շուրջ 70 հեռուստացույց եւ այլ սարքավորումներ: Հովունիի  համայնքապետ  Թելման  Միրիջանյանը տեղյակ է խնդրին եւ դիմել է պատասխանատու մարմիններին, ովքեր  հավաստիացրել  են, որ  բնակիչների  կրած  վնասները  փոխհատուցվելու  են:

ՀԷՑ  ՓԲԸ  ՙՂարս՚  մասնաճյուղի  գլխավոր  ինժեներ  Գրիգոր  Մարտիրոսյանը  հաստատեց, որ  ընկերությունը  կատարելու  է  սպառողների նկատմամբ ունեցած պարտավորությունները  եւ բոլոր այն տեխնիկական սարքավորումները, որոնք շարքից դուրս են եկել, ՙՀԷՑ՚-ի միջոցներով վերականգնվելու են:

 Գյուղացիների տեղեկություններով լարման բարձրացումը եղել է թռչունների պատճառով, որոնք իբր մտել եէի բարձրավոլտ հոսանքալարերի մեջ: Սակայն ՙՀայ էլեկտրական ցանցեր՚ ընկերության ՙՂարս՚ մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Գրիգոր Մարտիրոսյանը նշում է, որ թռչուններն այստեղ մեղք չունեն, այլ պատասխանատվությունը կրում է լարման չափը վերահսկող աշխատակիցը, ումից  էլ  հետագայում  հավանաբար  դատական  կարգով    պատճառած  վնասի  չափով  գումար կգանձվի:

Այժմ  հանձնաժողով է կազմվել եւ ուղարկվել տուժած համայնքները՝ հաշվառելու հոկտեմբերի 13-ի գիշերը հոսանքի լարման բարձրացման պատճառով շարքից դուրս եկած էլեկտրասարքավորումները եւ պարզելու՝ փոխհատուցման համար անհրաժեշտ գումարի չափը:

Ցայգ