Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց
Աջակցիր «Ա1+»-ինԳեներալի փաստաբաններից Լևոն Բաղդասարյանը միջնորդեց դատարանին գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին ՝ առողջական խնդիրների պատճառով, ինչպես նաև նրան դատարանում արտահայտվելու հնարավորություն տալ : «Մամուլի առջև ասի իր խոսքը, ինչու չէ նաև պատասխանի հարցերին»,- շեշտեց նա:
Դատավորն ասաց, որ երկու կողմերի տեսակետները լսելուց հետո միայն դիրքորոշում կարտահայտի:
Մեղադրող կողմը, սակայն դեմ արտահայտվեց գրավի դիմաց ազատ արձակելուն՝ ընդգծելով, որ Գրիգորյանի առողջական վիճակը թույլ է տալիս նրան մնալ քրեակատարողական հիմնարկում, և պետությունը ի վիճակի է ապահովել նրա բուժումը: Ինչպես նաև հիշեցրեց, որ այս գործի շրջանակներում Գրիգորյանը փորձել է խանգարել հնարավոր հանցագործության լիարժեք բացահայտմանը, և կարող է թաքնվել գործի քննությունից: Մեղադրող կողմն էլ հավելեց, որ Գրիգորյանն ինքն է հրաժարվել դատապարտյալների հիվանդանոց տեղափոխվել:
Ի պատասխան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ դատապարտյալների հիվանդանոցը վերազինվել է նախորդ դարի 70-ական թվականներին: Մանվել Գրիգորյանի մյուս փաստաբանը՝ Կարեն Քամալյանը անդրադառնալով՝ մեղադրական կողմի պնդմանը, որ ազատության մեջ լինելով՝ Գրիգորյանը կարող է խանգարել գործի նախաքնությանն, ասաց, որ կա միջանկյալ դատական ակտ, որով Գրիգորյանն ազատ էր արձակվել գրավի դիմաց և բացառվել էր հնարավոր խոչնդոտումը:
Մեղադրող կողմը անդրադառնալով Գրիգորյանին՝ մամուլի առջև արտահայտվելու հնարավորության տալուն՝ ասաց, որ դա կարող էր այսօր լինել, և քանի որ փաստաբանները դրա վերաբերյալ հիմա են միջնորդություն ներկայացնում, այսպիսով փորձում են հետաձգել և դա մեկ միտում ունի՝ «Այլ ճանապարհով, այսպես ասած, խոտոր ճանապարհով հասնել նրա ազատ արձակմանը»:
Դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը։ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ։