«Լեսթերը» ջախջախեց «Արսենալին», Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց
Աջակցիր «Ա1+»-ինԱնգլիայի ֆուտբոլի պրեմիեր լիգայի 36-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս խոշոր հաշվով պարտվեց «Լեսթերին»:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, սակայն լոնդոնցիները մնացին 10 խաղացողով: Երկու դեղին քարտ ստանալու համար 36-րդ րոպեին դաշտից հեռացվեց հյուրերի կիսապաշտպան Էյսլի Մեյտլենդ-Նայլսը:
Երկրորդ կեսում «Լեսթերը» թվային առավելությունը վերածեց նաեւ նյութականի: հանդիպման 59-րդ րոպեին Յուրի Տիլեմանսը բացեց հաշիվը, իսկ 86-րդ եւ 90+5-րդ րոպեներին Ջեյմի Վարդին դուբլ գրանցեց եւ խոշոր հաղթանակ բերեց իր թիմին:
«Արսենալում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում, սակայն 73-րդ րոպեին փոխարինվեց:
«Արսենալը» կրեց երրորդ անընդմեջ պարտությունը եւ այժմ 66 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: «Լեսթերն» այս հաղթանակից հետո վաստակեց 51 միավոր եւ բարձրացավ 8-րդ հորիզոնական: