«Չկա ավելի թանկ բան, քան գաղափարը». վարչապետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը: Համաժողովն անցկացվում է «Մտավոր սեփականության ոլորտի կարևորությունը երկրի տնտեսությունում հեղափոխություն կատարելու գործում» խորագրի ներքո: Շնորհավորելով ներկաներին Մտավոր սեփականության միջազգային օրվա կապակցությամբ` վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ժամանակակից աշխարհում մտավոր սեփականությունը և մտավոր սեփականության պաշտպանությունն ամենահրատապ, ամենաքննարկվող և ամենաառարկայական թեմաներից է: Սա պատահական չէ, որովհետև մարդկությունն, ի վերջո, եկել է այն անհերքելի եզրակացության, որ չկա ավելի թանկ բան, քան գաղափարը, որովհետև վերջին հարյուրամյակի զարգացումները բերել են նրան, որ նյութական սեփականությունից շատ ավելի կարևոր և արժեքավոր է մտավոր սեփականությունը: Եվ սա է պատճառը, որ այսօր, ժամանակակից աշխարհում բոլոր ֆորմատներում ոչ մի գագաթնաժողով, ոչ մի միջպետական հանդիպում չի շրջանցում մտավոր սեփականության պաշտպանության հարցը: Պետք է ասել, որ սա չի վերաբերում միայն ստեղծագործական արվեստի ոլորտին, սա վերաբերում է ամեն ինչին, որովհետև չկա ավելի թանկ բան, քան գաղափարը»: