«Զարթոնքում չե՛ն լինելու իշխանիկներ». Սուրեն Պողոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ապրիլի 13-ը մեզ համար լուսացավ, ոչ մեր սպասվածով: Համայնքապետը մի խումբ մարդկանց հետ միասին ներխուժեց ակտիվիստներից արցախյան հերոս Վարդան Պողոսյանի բնակարան և դաժան ծեծի ենթարկելով փորձեցին լռեցնել մարդկանց»: Այս մասին ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ Գարիկ Կարապետյանը:
Զարթոնք համայնքի բնակիչների մեծամասնությունը պահանջում էր համայնքապետի հրաժարականը, ինչպես Գարիկ Կարապետյանն է նշում՝ գյուղապետը հրաժարական տվեց, բայց կրքերը այդպես էլ չհանդարտվեցին, փոխարենը՝ էլ ավելի սրվեց. «գյուղում տիրում է գաղջ մթնոլորտ. ոչ ոք չի կարող մեզ լռեցնել »:
Զարթոնք գյուղի ակտիվիստների կողմից համայնքի ղեկավար առաջադրված Սուրեն Պողոսյանի խոսքով գյուղը ժամանակին եղել է Արմավիրի մարզի լավագույն համայնքներից մեկը, իսկ այսօր ամենահետամնացն է.
«Համայնքում տարիներ շարունակ կատարվել են գաղտնի և ապօրինի գործողություններ, համայնքին տրված օգնությունները ՝դիզվառելիք, սերմացու, ժողովուրդը ոչնչից տեղյակ չի եղել: Համայնքապետը համայնքի բյուջեն ծախսել է միայն սեփական կարիքների համար և այս ամենը բերեց ժողովրդի բորբոքվածությանը»:
Գյուղում տիրող իրավիճակի պատճառով, դպրոցի 242 աշակերտներից 100-ը դասի չի հաճախում, որոշել են դասադուլ անցկացնել: Համայնքապետի թեկնածու Սուրեն Պողոսյանը նշում է որ նրանք կողմ չեն դասադուլին.« Երեխաները պետք է կրթվեն և զարգանան, մենք կոչ ենք արել դադարեցնել դասադուլը և հաճախել դպրոց»:
Ապրիլի 13-ին տեղի ունեցած միջադեպից հետո, գյուղում եղան կրակոցներ, որի հետևանքով եղան վիրավորներ: Ինչին էլ հաջորդեց համայնքապետի հրաժարականը, սակայն ինչպես Զարթոնք գյուղի բնակիչներն են նշում, գյուղում անարդարությունները չվերացան: Այսօր էլ Երևանում գյուղի բնակիչները շարունակում են անցկացնել ակցիա: Իրավաբան Հայկազ Մակարյանի խոսքով ակցիայի նպատակը Վարդան Պողոսյանին հասցված մարմնական վնասվածքների փոխհատուցումը, ինչպես նաև Հրայր Պողոսյանին շուտափույթ ազատ արձակելն է:
Ակցիայի հետ կապված Արմավիրի մարզպետարանից արձագանքեցին, թե ցույցերին մասնակցում են հարակից գյուղերից բնակիչներ՝ թվաքանակը ապահովելու համար: Սուրեն Պողոսյանի խոսքով, երկուշաբթի ԿԳՆ –ում ակցիա կանցկացնեն և ցույց կտան, թե քանի հոգով են.
«Զաթոնքում չպետք է լինեն իշխանիկներ, պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ հեղափոխությունը չի հասել իր գագաթնակետին»: