Բացել լրահոսը Փակել լրահոսը
nikol
A A
Քաղաքականություն

Սկզբից էլ պարզ էր, որ «Սանիթեքը» չի կարողանալու պատշաճ կատարել աշխատանքները. վարչապետ (տեսանյութ)

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց գնման ընթացակարգերի կազմակերպման մասին հարցը, որը սահմանում է, որ աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման համար մեկ անձից գնման ձևով իրականացնելու դեպքում չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի` բացառությամբ կանխավճարի ապահովման ներկայացման պահանջի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները։

«Նախագծի ընդունումը կարեւոր է այնքանով, որ Երեւան քաղաքում վատթարացել է աղբահանության վիճակը, քաղաքապետարանը անհրաժեշտ է համարում իր միջամտությունը, մեկ անձից գնում անել, քանի որ «Սանիթեք»ը ընկերության հետ դատական գործընթացի մեջ է, եւ մինչեւ դատարանի որոշումը այլ միջոցներով հնարավոր չէ աղբատար մեքենաներ ձեռք բերել։ Մրցույթով նախատեսված է եղել գնել 24 մեքենա, այս նախագծով՝ 15 մեքենա»,-ասաց Պապիկյանը։

Վարչապետը նկատեց, որ հերթական անգամ բախվում ենք գնման ընթացակարգերի պրոբլեմներին։ «Սկզբից էլ պարզ էր, որ «Սանիթեքը» չի կարողանալու պատշաճ կատարել աշխատանքները։ Հաջորդ խնդիրը, որ պետք է տեխնիկա ձեռք բերել, դա էլ ձգձգվում է որովհետեւ դատական պրոցես է եւ հիմա պետք է արտակարգ լուծում տալ հարցին»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը հետաձգեց որոշման ընդունումը, ասելով, որ քաղաքապետը շուտով կգա եւ հարցն իր հետ կքննարկեն։