Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի («Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով) նախագահ Ջանիի Բուքիքիոյի հետ: Վենետիկի հանձնաժողովի նախագահը, ողջունելով Նիկոլ Փաշինյանին, նշել է, որ ուրախ է հանդիպել Հայաստանի վարչապետին Ստրասբուրգում և քննարկել համագործակցության հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Ջաննի Բուքիքիոն անդրադարձել են նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Վենետիկի հանձնաժողովի նախագահը նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեր երկրում անցել են ազատ և արդար միջազգային չափանիշներին համապատասխան: Հայաստանի վարչապետը կարևորել է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը` ընդգծելով Եվրոպայի խորհրդի մոնիթորինգային և խորհրդատվական մարմինների, ներառյալ Վենետիկի հանձնաժողովի նշանակալի դերը բարեփոխումների օրակարգի իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական օժանդակությունը մեր երկրի օրենսդրությունը միջազգային չափանիշներին ներդաշնակեցնելու գործում: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով` Հայաստանն առաջընթաց է արձանագրում ժողովրդավարության ամրապնդման, դատական համակարգի կատարելագործման, մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ, և ժողովրդավարությունը մեր հասարակության ներքին համոզմունքն է և հիմնարար արժեքը: