Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձախողեցին եվրոպական մեկնարկը
Հայաստանի ազատ ոճային ըմբիշների մեկնարկը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում անհաջող ստացվեց: Այսօր մրցագորգ ելած մեր բոլոր հինգ մարզիկները չկարողացան հաղթահարել նախնական փուլերի արգելքները եւ դուրս մնացին ոսկե մեդալի համար պայքարից: 57 կգ քաշային կարգում Վաղինակ Մաթեւոսյանը հենց առաջին մրցամարտում 0:7 հաշվով պարտվեց Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեյ Դուկովին: 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը առաջին փուլում հաղթեց անգլիացի Ջորջ Ռեմին՝ 10:0, սակայն երկրորդում զիջեց ադրբեջանցի Հաջի Ալիեւին՝ 0:1: Աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը վստահ սկսեց 70 կգ քաշայինների մրցաշարը՝ հաղթելով մոլդովացի Միխայիլ Սավային: Սակայն քառորդ եզրափակիչ փուլում նա բոլոր առումներով զիջեց ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւին՝ 2:12: Մեծ հույսեր ներշնչող 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը խայտառակ պարտություն կրեց Ռումինիան ներկայացնող Օմարասխաբ Նաժմուդինովից՝ 1:10: 97 կգ քաշային կարգում հանդես եկող Սարգիս Հովսեփյանը առաջին մրցամարտում պարտվեց գերմանացի Գենադի Չուդինովիչին եւ նույնպես դուրս մնաց չեմպիոնական պայքարից: