Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» բարձրանում է 1-ին տեղ, իսկ «Փյունիկը» մնում 4-րդ հորիզոնականում

Սպորտ
a1futbol-hajastan-7.04.

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի շրջանակում այսօր կայացան երկու հանդիպում: Գործող չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» իր հարկի տակ հաղթեց «Արցախ ՖԱ»-ին: Միակ գոլը 65-րդ րոպեին խփեց բրազիլացի Գուստավո Մարմենտինին: Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 40 միավոր եւ բարձրացավ առաջին հորիզոնական՝ միանգամից շրջանցելով Երեւանի «Արարատ-Արմենիային» ու «Բանանցին»: Իսկ ահա ալաշկերտցիների հետ համաքայլ ընթացող Երեւանի «Փյունիկը» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Լոռի ՖԱ»-ին: Նախ երկու գոլ խփեցին հյուրերի աֆրիկացի խաղացողներ Ինգբեդեն ու Դեսիրեն: «Փյունիկը» հանդիպման 75-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանի իրացրած 11մ հարվածի շնորհիվ կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն՝ ավելին անել չհաջողվեց: Այդպիսով, փյունիկցիները պարտվեցին 1:2 հաշվով եւ վաստակած 37 միավորով մնացին 4-րդ հորիզոնականում: «Լոռի ՖԱ»-ն 34 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Տուրի վերջին հանդիպումը տեղի կունենա վաղը, ապրիլի 8-ին: Առաջնության պոտենցիալ առաջատար «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ կհանդիպի Գյումրիի «Շիրակի» հետ: