Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Armenian Eagles լավագույնն է PRO Chess League-ի Արեւելյան գոտում

Սպորտ
sport-chess-pro-4.04.

Chess.com խոշորագույն շախմատային կայքի կազմակերպած PRO Chess League մրցաշարում կայացան ենթախմբային փուլերի եզրափակիչները: Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մրցաշարին մասնակցող թիմերն ըստ աշխարհագրական դիրքի բաժանված են 4 ենթախմբերի՝ Արեւելյան, Կենտրոնական, Ատլանտյան եւ Խաղաղօվկիանոսյան: Հայաստանը ներկայացնող Armenian Eagles («Հայկական արծիվներ») թիմն ընդգրկված էր Արեւելյան ենթախմբում: Ենթախմբի 8 թիմերը միմյանց միջեւ անցկացրել էին շրջանային մրցաշար, որի արդյունքում 1-4-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը իրավունք էին ստացել շարունակելու պայքարը: Շրջանային մրցաշարում մեր թիմը 236.5 միավորով զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը: Ենթախմբի կիսաեզրափակչում Armenian Eagles -ը առավելության էր հասել Հնդկաստանը ներկայացնող  Mumbai Movers ակումբի նկատմամբ: Եզրափակիչում մեր թիմը վստահ հաղթեց Վրաստանը ներկայացնող Tbilisi Gentlemen ակումբին: Armenian Eagles-ը հանդես է եկել հետեւյալ կազմով. Զավեն Անդրիասյան, Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, Աննա Սարգսյան: Թիմի ավագն է ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը: Երեկ հայտնի են դարձել նաեւ մյուս ենթախմբերի հաղթողները: Կենտրոնական ենթախմբում հաղթել է գերմանական Baden-Baden Snowballs թիմը: Ատլանտյան ենթախմբում մրցակցությունից դուրս էր ամերիկյան Սենթ Լուիսի թիմը, որի կազմում  հանդես են գալիս Ֆաբիանո Կարուանան ու Ուեսլի Սոն: Խաղաղօվկիանոսյան ենթախմբում հաղթող ճանաչվեց Chengdu Pandas չինական ակումբը, որի կազմում հանդես են գալիս Չինաստանի հավաքականի բոլոր առաջատարները ՝Դին Լիժենը, Յու Յանգին, Վան Յուն և Լի Չաոն: Այս 4 թիմերը կվիճարկեն Pro Chess League–ի չեմպիոնի կոչումը, սակայն, ի տարբերություն մյուս բոլոր փուլերի, որոնք անցկացվում են համացանցի միջոցով, եզրափակիչը տեղի կունենա Սան Ֆրանցիսկոյում: Մրցաշարը կանցկացվի մայիսի 4-5-ը: Հիշեցնենք, որ Armenia Eagles թիմը Սան Ֆրանցիսկո կմեկնի գործող չեմպիոնի կարգավիճակով: