Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այն, ինչ ստեղծել են հայերը

Մշակույթ

Վաղը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենալու «Սիրելի եղբայրս. հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում կներկայացվելու է Օսմանյան կայսրությունում 1900-1910 թթ. հայ համայնքների կյանքի մասին պատմող Օռլանդո Կալումենոյի բացիկների հավաքածուն:

Բացիկները հրատարակվել են անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում' ոչ միայն հայ հրատարակիչների կողմից: Դրանք պատմում են Օսմանյան կայսրությունում այդ տարիներին ապրող հայերի կյանքի, հայկական եկեղեցիների, դպրոցների, հայերին պատկանող բազմաթիվ գործարանների, ճաշարանների, հյուրանոցների և այլ հաստատությունների մասին:

Ավելի քան 4000 փոստային բացիկների ու ծրարների հավաքածուն պատկանում է իտալացի Օռլանդո Կալումենոյին, որի մայրը հայ էր:

Բացիկներից 500-ը թուրք պատմաբան և հրատարակիչ Օսման Քյոքերի ջանքերով առաջին անգամ ցուցադրվել է 2005 թ. հունվարին, Ստամբուլում, «Սիրելի եղբայրս» խորագրով ցուցահանդեսում:  

Օսման Քյոքերը հրատարակել է 400 էջանոց գիրք' նվիրված բացիկների հավաքածուին: Ինքը' հեղինակը, բազմիցս խոսել է այն մասին, որ գրքի հրատարակությունը բարդ է եղել, քանի որ որևէ հրատարակչություն չէր ուզում ստանձնել Օսմանյան կայսրությունում հայերի' նման զգալի ներկայության, թուրքական պետության մեջ նրանց ունեցած մշակութային, տնտեսական մեծ ավանդի  մասին պատմող բացիկների վերաբերյալ գրքի տպագրությունը: Օսման Քյոքերը ստիպված է եղել հիմնել սեփական «Բիրզամանլար»  հրատարակչությունը' գիրքը հրատարակելու համար:

 Ցուցահանդեսը կազմակերպել են «Սիվիլիթաս» հիմնադրամը և «Բիրզամանլար» հրատարակչությունը: