«Հին Երեւանում հին ձեւով են ապրում»
Աջակցիր «Ա1+»-ինՀյուսիսային պողոտայի անմիջապես ետնամասում գտնվող Տերյան 23 շենքի բակում ամեն երեկո ներկայացում է բեմադրվում:
Բնակիչներն ասում են, որ թեեւ իրենց շենքի կողքին վեր է խոյանում ժամանակակից Երեւանը' Հյուսիսային պողոտայով, սակայն «հին Երեւանում դեռ հին ձեւով ու ավանդույթներով են փորձում ապրել»:
«Ժամանակին բակային ճամբար հասկացությունը կար, երբ երեխաները թատերական, երգեցողական, ասմունքի փոքրիկ համարներ էին պատրաստում ու ներկայացնում ծնողներին: Այսօր էլ ոչ մի բակում նման բան դժվար թե տեսնեք»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմեց երեխաների ծնողներից մեկը' տիկին Գայանեն' ավելացնելով, որ ամեն ինչ երեխաների նախաձեռնությամբ է իրականացվում:
Երեկ երեկոյան երեխաները բեմադրել էին Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթը: Ներկայացմանը թատերական առանձնահատուկ ոչ մի պարագա չկար. բակում եղած ամեն ինչ նրանք փորձել էին հարմարեցնել իրենց ներկայացմանը համահունչ:
Օրինակ' 10-ամյա Միլենան, որը մարմնավորել էր կկուին, չէր վախեցել ու բարձրացել էր ավտոտնակներից մեկի տանիքին' այն պայմանականորեն ընդունելով իբրեւ ծառ: Փոքրիկ Արսենն էլ իր խաղալիքների միջից փնտրել, գտել էր աղվեսի դունչ հիշեցնող մի խողովակ ու ամրացրել երեսին: Հագուստը եւս նա ընտրել էր աղվեսի կերպարին համահունչ:
Ծնողներից մեկը վստահեցրեց, որ երեխաները շատ մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց յուրաքանչյուր ներկայացմանը' փնտրում, գտնում են հագուստներ կամ թեկուզ կտորներ, մորթիներ ու իրենց երեւակայությամբ կարում հագուստներ: Օրինակ' ագռավի դերը կատարող Սյուզաննան վերցրել էր տատիկի մուգ գույնի թիկնոցն ու մարմնավորել իր կերպարը:
Էլ ինչ թատրոն առանց հուշարարի: Այդ պատասխանատու գործը ստանձնել էր 10-ամյա Ամալյան: Քանի որ երեխաներից ոչ բոլորն էին իրենց դերն անգիր սովորել, նա ստիպված բոլորի հետ հավասար արտասանում էր ամբողջ հեքիաթը: «Մենք դրանից վատ չենք զգում. թատրոնի ոչ մի դերասանն անթերի անգիր չգիտի իր դերը»,- ժպտալով արդարանում էին փոքրիկ դերասանները: