«Արամ Մանուկյանը գիտեր կուսակցական շահերից վեր կանգնել» (տեսանյութ)
ՀՅԴ-ականներն այսօր նշում էին Հայաստանի Առաջին հանրապետության համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Արամ Մանուկյանի 140-ամյակը։ Կիրո Մանոյանը, Հրանտ Մարգարյանը, Արթուր Եղիազարյանը, Արսեն Համբարձումյանը, ՀՅԴ երիտասարդները և այլ գործիչներ ծաղիկներ խոնարհեցին նրա հուշարձանին: ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը նշեց, որ Արամ Մանուկյանը գործի մարդ էր, պատասխանատվություն ստանձնող մարդ էր. «Արամն ինքը հեղինակություն էր։ Դաշնակցական լինելով հանդերձ՝ հեղինակություն էր բոլորի համար։ Որովհետև գիտեր կուսակցական շահերից վեր կանգնել և մտածել համազգային նպատակներից ելնելով։ Եվ այս առումով Արամի ներդրումը մեր նորագույն պատմության մեջ, Հայաստանի Առաջին հանրապետության պատմության կերտման մեջ անգնահատելի է»՛ Հանդիսությունը շարունակվեց Սարդարապատի համալիրի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում։ Թանգարանում ցուցադրված էին Արամ Մանուկյանի անձնական իրերից, նկարներ։ Թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանն իր ելույթում նշեց, որ Արամ Մանուկյանը ծնվեց իրականացնելու ավելի քան 5 հարյուր տարի պետականություն չունեցող հայ ժողովրդի թափառական ու անհանգիստ երազը։ «Ծնվեց առարկայացնելու այդ մեծ երազն ազատ և անկախ Հայաստանի Հանրապետությունում»,- ընդգծեց թանգարանի տնօրենը։ Պատմաբան Արմեն Ասրյանն իր հերթին շեշտեց այն հանգամանքը, որ իր մեծագույն հաջողություններին Մանուկյանը հասավ իր կազմակերպչական ջիղի, ընկերասիրության, արդարամտության շնորհիվ։ «Շնորհիվ այն բանի, որ կարողանում էր բոլորին միավորել մեկ ընդհանուր նպատակի, մեկ ընդհանուր գործի շուրջ»,- ասաց պատմաբանը։ Վերջում ցուցադրվեց Արամ Մանուկյանի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ։