Հայկական ֆուտբոլում նոր սկանդալ է հասունանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունն այսօր ուշագրավ հայտարարություն է տարածել:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 2 օրերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի շարք հարցադրումներ է ստանում Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեի միջև ծագած խնդրի վերաբերյալ, ցանկանում ենք պարզաբանել հետևյալը:
«Արարատ» ՖԱ ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեն, իրոք, բողոք-նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ նշելով, որ «Արարատ» ՖԱ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հարվածել է իրեն և ռասիստական արտահայտություններ թույլ տվել իր նկատմամբ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան մարմիններն արդեն լսել են երկու կողմերի բացատրությունները և ներկայումս զբաղվում են գործի ուսումնասիրությամբ», - նշված է հայտարարության մեջ:
Որոշ ժամանակ անց արդեն «Արարատ» ֆուտբոլային ակումբն է փորձել պարզաբանում մտցնել այդ պատմության մեջ:
«Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և թիմի ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեի միջև ծագած խնդրի վերաբերյալ, ակումբը ցանկանում է պարզաբանել հետևյալը.
Սույն թվականի մարտի 25-ին «Արարատը» Ձորաղբյուրի մարզահամալիրում ընկերական հանդիպում է անցկացրել «Յունիոր Սևանի» հետ: Թիմի ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա նամակ է ներկայացրել, որի մեջ ասվում է, թե այդ հանդիպումից հետո թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հարվածել է իրեն և ռասիստական արտահայտություններ արել:
Ստեղծվել է անախորժ իրավիճակ, սակայն այսօր թիմի մի շարք ֆուտբոլիստներ, մարզիչներ և ակումբի ներկայացուցիչներ ՀՖՖ ուղարկած պատասխան նամակի տակ դրել են իրենց ստորագրությունը, որ նման բան չի եղել և Դադիբոյ Զվանեն կեղծ լուրեր է տարածել:
Ներկայացնում ենք նաև նամակի տակ դրված ստորագրությունները», - հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Սա նշանակում է, որ հայկական ֆուտբոլում նոր սկանդալ է հասունանում, որը կարող է նաեւ միջազգային հնչեղություն ստանալ, քանի որ խոսք է գնում ռասայական խտրականության մասին:
