«Իմ քայլի» պատգամավորները մեկնել են Արցախ (տեսանյութ)
Ազգային ժողովում այդպես էլ քվորում չլինելու պատճառով նիստը չի մեկնարկում: Նշենք, որ ժամը 11: 00-ին 132 պատգամավորից միայն 44 էր գրանցվել: Լրագրողների հետ զրույցում, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորների պատվիրակություն է մեկնել Արցախի Հանրապետություն: «Չեմ կարծում, որ սա ինչ-որ ձևով խաթարում է Ազգային ժողովի գործունեությունը, չեմ կարծում, որ սրանով մենք ինչ-որ բան բաց կթողնենք: Համենայնդեպս, լավ չի, որ պատգամավորները ճիշտ չեն հաշվարկել, կարելի էր այնպես անել, որ քվեարկությունից հետո գնային»,- ասաց նա։ Դիտարկմանը, թե ինչո՞ւ են հենց այսօր իշխանական պատգամավորները մեկնում Արցախ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վինեննայում տեղի է ունենալու առաջին բանակցությունը, նախապես որոշված է եղե՞լ, Ալեմ Սիմոնյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ նախապես որոշված չի եղել, կարծում եմ դա դրական ազդեցություն կունենա և ճիշտ որոշում է: Որևէ պայմանավորվածություն չի եղել, որ այնպես մեկնեն, որ պարոն Փաշինյանը լինի, որովհետև շատ լավ տեսաք, որ միայն երեկ հաստատվեց Նիկոլ Փաշինյանի՝ Վիեննա մեկնելու այցը»: Ի դեպ, մամուլը այս մասին գրում էր արդեն հինգ օր։ Փոխխոսնակը հավելեց՝ որևիցե ինտրիգ, ծայրահեղ ինչ-որ բան տեղի չի ունեցել, քվորում չի եղել զուտ տեխնիկական պատճառներով: