Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր հրաձիգները մարզվելու համար փամփուշտներ չունեն. Սեյրան Նիկողոսյան

Սպորտ
sport-hradzig-28.03.

Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն այնքան էլ գոհ չէ թիմի ելույթներից Եվրոպայի առաջնությունում, չնայած նրա սաներից մի քանիսը մեդալ են նվաճել: «Մինչ Եվրոպայի առաջնությունը, մենք ուսումնամարզական հավաք անցկացրինք, որի ժամանակ մարզիկները լավ արդյունքներ գրանցեցին, բայց բուն առաջնության արդյունքներից գոհ չեմ: Նրանք ավելիին էին պատրաստ, սակայն փորձի պակասը խանգարեց լավ արդյունքներ գրանցելու համար», - «Արմենպրեսում» կայացած մամուլի ասուլիսում ասաց մարզիչը: Մասնագետի կարծիքով, հրաձիգները ամեն տարի նվազագույնը պետք է մասնակցեն 4-5 միջազգային մրցաշարերի, որպեսզի պահպանեն իրենց մարզավիճակը: «Հայաստանում կազմակերպված ուսհավաքները նույն արդյունքը չեն տալիս, ինչ արտասահմանում անցկացրածները, քանի որ դրսում մարզիկները նոր զենքերի հետ են ծանոթանում, որակյալ փամփուշտներով են մարզվում: Իսկ Հայաստանն ունի մի քանի մարզադպրոց, որտեղ պարզապես փամփուշտ չկա: Օրինակ՝ Երեւանի հրաձգության մարզադպրոցում փամփուշտ չկա մարզվելու համար: Ֆեդերացիան հավաքականի անդամներին ապահովում է փամփուշտներով, զենքով, իսկ ահա մարզադպրոցները չունեն նման հնարավորություններ», - նշեց գլխավոր մարզիչը: «Ա1+»-ի այն հարցին, արդյո՞ք մեր սպորտի ղեկավարները տեղյակ են այդ խնդրի մասին, նա պատասխանեց. «Հայաստանում շատերը չեն հասկանում հրաձգությունից, չեն պատկերացնում դրա խնդիրները: Նորմալ երկրներում ամեն տարի թարմացնում են զենքերը, մարզիկների հանդերձանքը: Մենք ամեն ինչի պակաս ունենք: Մարզադպրոցի տնօրենները դիմում են պատկան մարմիններին, սակայն միշտ նույն պատասխանն են ստանում՝ գումար չկա, մի քիչ էլ սպասեք: Նորից եմ կրկնում, ֆեդերացիան մարզագույքով ապահովում է միայն հավաքականի անդամներին, որոնք 12-ն են: Իսկ մնացած 100 եւ ավելի հրաձիգների մասին ո՞վ պետք է մտածի», - եզրակացրեց Սեյրան Նիկողոսյանը: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, գլխավոր մարզիչը հայտնեց, որ առաջիկայում հրաձիգները մասնակցելու են Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարին, իսկ մայիսին հավաքականը մասնակցելու է Մյունխենում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությանը, որը նաեւ վարկանիշային է: Հունիսին մեր երկու հրաձիգները հանդես են գալու Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին: Ֆեդերացիան առայժմ ուսհավաք չի նախատեսել այդ մրցաշարերից առաջ: