Հարցը հասավ դիվանբաշուն և նա որոշեց, որ չի կարելի տնտեսությունն ավիրել. «Հայ Կոլա»-ի տնօրեն
Նոր Հայաստանում իրոք իրավիճակ է փոխվել. բարձրաձայնում է «Հայ Կոլա» գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանը: Կառավարության անդամների հետ հանդիպումից հետո, կողմերը ընդհանուր հայտարարի են եկել և որոշել գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը չավելացնել: Տիգրան Հովսեփյանը նշում է, որ հանդիպման ժամանակ փաստերով հիմնավորել է՝ ասպարտամը շաքար չի, այն վնասակար չէ: Կառավարության անդամներն ըմբռնումով են մոտեցել ներկայացված փաստերին: «Վնասակարության մասին խոսելը շատ սխալ էր: Ես իրենց բացատրել եմ, հասկացել են իրենք»,- ասաց նա: Տնտեսվարողի համար ընդունելի է, որ շաքարի հարկ լինի, բայց մի դիտարկում ունի: «Շաքարի հարկը ճիշտ բան է, աշխարհով մեկ ընդունված է, սակայն դա միայն կիրառել գազավորված ըմպելիքի վրա՝ կլինի դիսկրիմինացիա: Եթե կիրառում եք՝ կիրառեք ամբողջ սպեկտրի վրա, սկսած հրուշակեղենից, վերջացրած մինչև գինիները»: Ընկերության տնօրենը նկատեց՝ հարցը հասավ դիվանբաշուն (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին. Խմբ.) և դիվանբաշին որոշեց, որ չի կարելի տնտեսությունն ավիրել: Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքում կատարվելիք փոփոխություններում գազավորված ըմպելիքները (բացառությամբ հանքային ջրերի) պետք է հարկվեն ակցիզային հարկով, անկախ շաքարի պարունակությունից: Սա գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերություններին մտահոգվելու տեղիք էր տվել: