Շախմատ. Սամուել Սեւյանը հաղթեց, Տաթեւ Աբրահամյանը ոչ-ոքի խաղաց (տեսանյութ)
Սենթ Լուիսում ընթացող շախմատի 2019թ ԱՄՆ տղամարդկանց առաջնությունում շարունակում է վերելքով հանդես գալ մեր հայրենակից Սամուել Սեւյանը: Անցած գիշեր կայացած 7-րդ տուրում 18-ամյա գրոսմայստերը սեւերով գեղեցիկ հաղթանակ տարավ Ռեյ Ռոբսոնի նկատմամբ՝ 25-րդ քայլում մրցակցին ստիպելով անձնատուր լինել: Այս հաղթանակից հետո նա վաստակեց 4,5 միավոր եւ այժմ Ֆաբիանո Կարուանայի եւ Լեյնիեր Դոմինգեսի հետ բաժանում է 2-5-րդ տեղերը: Մրցաշարը գլխավորում է հայտնի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան, ով այս տուրում հաղթեց Վարուժան Հակոբյանին եւ իր միավորների քանակը հասցրեց 5-ի: Այսօր նախատեսված 8-րդ տուրում Սամուել Սեւյանը սպիտակներով կմրցի իր գլխավոր մրցակիցներից մեկի՝ Լեյնիեր Դոմինգեսի հետ: Կանանց առաջնությունում շարունակում է իր հաղթարշավը ՖԻԴԵ-ի վարպետ, 16-ամյա Ջենիֆեր Յուն, որը 7-րդ տուրում տոնեց իր թվով վեցերորդ հաղթանակը եւ վաստակած 6,5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Առաջատարից հետ չի մնում մեր հայրենակից Տաթեւ Աբրահամյանը, որն այս տուրում թեեւ ոչ-ոքի խաղաց հետնապահ Էմիլի Նգուենի հետ, սակայն 5 միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը: Այսօր նա սպիտակներով կհանդիպի հենց իր անմիջական հակառակորդի՝ 16-ամյա Աննիե Վանի հետ, որը նույնպես 5 միավոր ունի: