ՌԴ-ն օգտագործում է ԼՂ կոնֆլիկտը երկու կողմերի վրա իր ազդեցությունը պահպանելու համար. Գ. Եղիազարյան (տեսանյութ)
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Եղիազարյանի խոսքով՝ Արցախը մարզի վերածելու և արցախահայությանը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին ներգրավելու ուղղությամբ, մասնավորապես նրանց ընտրություններին ու հանրաքվեներին մասնակից դարձնելու «Սասնա ծռերի» սկսած նախաձեռնությունը հանդիպում է որոշակի խոչընդոտների հասկանալի պատճառներով։ Այս գործընթացում հաջողություն, ըստ Եղիազարյանի, կարելի է համարել այն հանգամանքը, որ ըստ իրենց կատարած հարցումների՝ ՀՀ բնակչության ճնշող մեծամասնությունը «Սասնա ծռեր»-ի առաջ քաշած գաղափարին կողմնակից է, և Արցախյան հիմնախնդրի լուծումն այդպես է տեսնում։ «Արտաքին ուժերից էս պարագայում ռուսական գործոնն է։ Որովհետև բոլորին է պարզ՝ եթե Արցախյան հարցը լուծվում է, Ռուսաստանն այստեղ, տարածաշրջանում կորցնում է իր ազդեցության մեծ մասնաբաժինը։ Նրանք օգտագործում են այդ կոնֆլիկտը երկու կողմերի վրա էլ ազդեցությունը պահպանելու համար»,- մանրամասնում է հասարակական գործիչը՝ արտաքին խոչընդոտներից մեկին անդրադառնալով։ «Սասնա ծռեր» անդամը ընդգծում է նաև Ադրբեջանի և Թուրքիայի գործոնը, ինչպես նաև շատուշատ ուժեր, որոնք չեն ցանկանում հայկական գործոնի հզորացումը։ «Սասնա ծռեր»-ի անդամ, ազատամարտիկ, քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ Արցախում կայանալիք 2020 թ. նախագահական ընտրություններում կաջակցեն հայրենասեր, ազնիվ թեկնածուի։ Եղիազարյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այդ անձը կա արդեն, պատասխանեց. «Չէ։ Դեռևս անուններ բնականաբար չենք կարող տալ, որովհետև, եթե անունը լիներ, Ժիրայր Սեֆլիյանն այդ անունը կհրապարակեր։ Բավականին երկար ժամանակ կա։ Դեռ առիթ կլինի դրան անդրադառնալու համար»։ Հասարակական գործիչը որևէ լուրջ արդյունքի չի սպասում ԼՂ հակամարտության կարգավորման հիմնախնդրում սպասվելիք Փաշինյան-Ալիև հանդիպումից՝ պատճառաբանելով, որ Ադրբեջանի ծավալապաշտական ու ագրեսիվ մոտեցումները խոսում են մեծ արդյունք չգրանցելու հնարավորության մասին։