Այն ինչ ներկայացված է, ճիշտ չէ. ԼՀԿ-ն՝ Կառավարության փոփոխությունների փաթեթի մասին (տեսանյութ)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ինչպես եւ խոստացել էր՝ ներկայացնում է մեծ ռեֆորմների սեփական տարբերակը։ Այսօր ԼՀԿ խմբակցության անդամները լրագրողներին ներկայացրին Կառավարության Կառուցվածքային փոփոխությունների իրենց փաթեթը, որը տարբերվում է կառավարության ներկայացրած փաթեթից։ «Ասել էինք, երբ մեծ ռեֆորմ կներկայացնի կառավարությունը, մենք կներկայացնենք այդ ռեֆորմի մեր տարբերակը։ Այն ինչ ներկայացված է, ճիշտ չէ, չի կարող խնդիրները լուծել, մենք մեր տարբերակն ենք առաջարկելու։ Կառավարության կառուցվածքային փոփոխությունների փաթեթն արդեն առաջարկված է։ Մենք առաջարկում ենք կառավարության այնպիսի կառուցվածք, որտեղ չկան կառավարությանն առընթեր մարմիններ, բոլորը կառավարության անդամներ են եւ բոլորը պետք է խորհրդարանական վերահսկողության տիրույթում լինեն»,-ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ ԼՀԿ ներկայացված կառուցվածքով լինելու են 14 նախարարություններ եւ խորհրդարանական կառավարման երկրին հարիր կառավարություն՝ երեք փոխվարչապետ ունենալու տարբերակով։
ԼՀԿ առաջարկած նախագիծն ուղարկվել է կառավարություն։
«Վարչապետը տեղյակ է, որ ասուլիս է լինելու եւ կարծում եմ կհետեւի ասուլիսին»-ասաց Մարուքյանը։
«Վաղը, եթե մենք լինենք կառավարություն, կունենանք այս կառուցվածքը, այս Սահմանադրության պարագայում»,- ավելացրեց Մարուքյանը։