Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը բժիշկ չունի

Սպորտ
sport-gimnastika-3

   Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լիովին գոհ է Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունում թիմի ցույց տված արդյունքից: «Տղաները շատ լավ հանդես եկան, չորսն էլ եզրափակչի ուղեգիր նվաճեցին:Ավելին,  մենք երեք մեդալ ունեցանք: Հատկապես անակնկալ էր Արթուր Դավթյանի մեդալը, քանի որ նա վնասվածք էր ստացել հենացատկի որակավորման փուլի ժամանակ եւ նրա մասնակցությունը կասկածի տակ էր արդեն: Սակայն, Արթուրը անձամբ ցանկություն հայտնեց մասնակցելու եզրափակչին, եւ շատ լավ կատարեց ցատկը: Ինչ վերաբերում է Հարություն Մերդինյանին, որը նժույգթափի եզրափակչում միայն զիջեց 2-րդ տեղը մրցակիցներին, ապա նա արեց այն, ինչի ընդունակ էր, պարզապես նրանից առաջ անցած ճապոնացի եւ չինացի մարմնամարզիկները շատ բարդ վարժություններով հանդես եկան եւ զարմացրեցին բոլորին», - ասաց փորձառու մարզիչը: Խոսելով մեր մարզիկների վնասվածքների մասին՝ Հակոբ Սերոբյանն ասաց, որ դրա պատճառներից մեկը կայանում է նրանում, որ հավաքականն առ այսօր չունի իր բժիշկը: «Մենք էլ գիտենք, մարզիկներն էլ, որ իրենք վնասվածք ունեն, բայց քանի դեռ դրանք թեթեւակի բնույթ են կրում, ինքներս ենք զբաղվում բուժմամբ, կարելի է ասել, կատարում ենք նաեւ բժշկի պարտականություններ: Սակայն, հավաքների եւ խոշոր  մրցումների ժամանակ պետք է պարտադիր բժիշկ լինի, որպեսզի անհրաժեշտության դեպքում նա հետազոտություններ անի, տեղում ճիշտ բուժումներ նշանակի» - պարզաբանեց բանախոսը: «Ա1+»-ի այն հարցին, արդյոք վնասվածքներն որեւէ կապ ունեն մարզումային պայմանների հետ, գլխավոր մարզիչն ասաց. «Այո, եթե գործիքները, մրցահատակը, պայմաններն այն չեն, ապա մեծանում է վնասվածք ստանալու հավանականությունը: Դա բոլոր մարզաձեւերին է վերաբերում: Ի դեպ, Դոհայից վերադառնալուց հետո իմացանք, որ որոշվել է առաջիկայում վերանորոգել Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը: Դեռ կոնկրետ ժամանակներ չեն նշվում, բայց կարծում եմ ամռանը կսկսվեն այդ աշխատանքները»։ Հավելենք, որ մարմնամարզության Հայաստանի հավաքականը մարտի 28-ին կմեկնի Թբիլիսի, 10-օրյա ուսհավաքի, որից հետո արդեն կուղեւորվի Լեհաստան, Եվրոպայի առաջնության: