Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էրազմուս +»-ի փորձը օգնում է ԱԺ նախագահի օգնականին

Հասարակություն
Shushanna

Գիտելիք, ընկերներ, փորձ և հմտություններ: «Էրազմուս պլյուս»  ծրագրով Իտալիայի Պավլիա համալսարանում  վեցամսյա կրթությունը շատ բան է տվել   Շուշաննա Թեւանյանին:   Սովորելով Համաշխարհային քաղաքականություն և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ նա ձեռք բերել է   կոնֆլիկտային իրավիճակներում  լուծման եզրեր գտնելու, բանակցելու հմտություն, ինչն այսօր խիստ կիրառելի է իր աշխատանքում որպես ԱԺ նախագահի օգնական:  Այս պաշտոնում էլ ընտրվել է մրցութային կարգով։ Շուշաննա Թեւանյանի  խոսքով՝   խիստ տարբեր էր իտալական կրթական համակարգը հայկականից։ Ամենաշատը նրան դուր էր եկել  գործնական բաղադրիչը։ «Մենք անցել ենք մի առարկա, որից ընդհանրապես դասախոսություն չի եղել, այլ զուտ գործնական պարապմունքներ: Դասընթացն այնքան հետաքրքիր էր անցնում, որ առավոտյան վազելով էի գնում համալասարան, անգամ  Հռոմ գնալու առիթն էի բաց թողել ՝դասերից չբացակայելու համար»,- ասում է նա։   Ուսանողների համար էական նշանակություն ունի նաեւ դասախոսների վերաբերմունքը։  «Այնպիսի  տպավորություն էր, որ նրանք գիտելիքը մեզ մատուցում են որպես ծառայություն: Հիշում եմ, որ սկզբում բավականին թույլ էի, դժվարությամբ էի արտահայտում իմ տեսակետը, բայց իմ դասախոսներիի հարգալից վերաբերմունքը յուրաքանչյուր արտահայտած կարծիքի հանդեպ, ինձ օգնում էր հաղթահարել նմանատիպ դժվարությունը»,-ասաց նա։ Դասախոսների նման մոտեցման շնորհիվ Շուշաննայի  համար  խթան եղավ գրելու այնպիսի   գիտական հոդված  Հայատանի մասին, որը կուրսում լավագույնը ճանաչվեց։  «Էրազմուս+» ծրագիրը իրականացվում է Եվրամիության հովանավորությամբ, շուրջ 33 երկրների հետ համագործակցությամբ: Ծրագիրը դրամաշնորհներ  է տրամադրում ուսանողներին, երիտասարդներին եվրոպական առաջատար բուհերում  սովորելու և վերապատրաստվելու նպատակով: Երկարաժամկետ ծրագրերից  բացի  իրակացնում է նաև  կարճաժամկետ ծրագրեր, որոնք հիմնականում ուղղված են մասնակիցների  միջմշակութային հաղորդակցության մակարդակի բարձրացմանը, փորձի փոխանակմանը:  «Էրասմուս+» ազգային գրասենյակի տվյալներով 2015-2018 թվականների ընթացքում   ծրագրին դիմել է  հայաստանյան բուհերից շուրջ 451  ուսանող: Նրանցից  բավարարվել է 309-ի հայտը։