«Մեր հետևում ոչ մի քաղաքական ուժ չկա, ուղղակի մենք ուզում ենք մեր ձայնը լսեն» (տեսանյութ)
Արդեն 11-րդ օրն է ինչ Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում գործադուլ է: Դպրոցի ուսուցիչները նշում են, որ 10 օր հետո միայն մարզպետը ցանկացել է հանդիպել ուսուցիչներին և նշել, որ ինքը իրավական հիմքեր չունի տնօրենին ազատելու: Մարզպետը առաջարկել է, որ փոխտնօրենը աշխատանքից չի ազատվի, սակայն ուսուցիչները պետք է աշխատեն նոր տնօրենի հետ: Ուսուցիչները դեմ են մարզպետի առաջարկին նշելով ՝ անհնար է աշխատել մի ուսուցչի հետ, որ ուսուցիչներին ստահակ և ստախոս է անվանել: «Մարզպետը մեզ ասում է իրավական հիմք ունե՞ք: Եթե իրավական հիմք ունենայինք, այսօր դատարանում կլինեինք, ոչ թե մարզպետի առանձնասենյակում նստած: Մենք ունենք միայն բարոյական իրավունքների ոտնահարում». նշում է ուսուցչուհի Հովսեփյան Ասպրամը: Ուսուցչուհի Կարինե Փամբուկյանը նշում է. «Երբ հեղափոխությունը հաղթանակեց, մենք ուրախացանք, ասեցինք, վերջապես, ուսուցիչը կզբաղվի իր գործով: Մեզ ասում են, ձեր հետևում քաղաքական ուժեր կան: Մեր հետևում, ոչ մի քաղաքական ուժ չկա, ուղղակի մենք ուզում ենք, վերջապես, մեր ձայնը լսեն: Ի՞նչ է նշանակում 35 հոգին պետք է լռի, ինչ է թե մեկ հոգին աշխատի՞: Մենք իրեն ընտրել ենք, բայց ինքը մեկ օրում կարողացավ հակակրանք ձեռք բերել ամբողջ համայնքի կողմից»: Ուսուցիչները պնդում են, որ մարզպետի քեռին հավաքել է դպրոցում 10 տարբեր դասարաններից աշակերտների և դասավանդել, հայտարարելով՝ եթե դպրոցում ուսուցիչ չկա ես պետք է պարապեմ բա ի՞նչ պիտի անեմ: Նրանք խնդրում են այս պատմությունը չքաղաքականացնել և վստահեցնում, որ տնօրենին ընտրել են՝ծանոթանալով նրա առաջարկված զարգացման ծրագրին և մարզպետարանի կողմից որևէ ուղղորդում չի եղել: