Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանը Ավինյանից պահանջեց հրաժարվել վերջին րոպեին կայացվող որոշումներից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
tigran-Avinyan

Մինչ կառավարության հերթական նիստի օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր նամակ է ստացել, որի համաձայն «Արմատ» լաբորատորիաների շուրջ 360 խմբակավարներ երեք ամիս է աշխատավարձ չեն ստացել եւ հարցրեց, թե ով կարող է պարզաբանումներ տալ։ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ այս տարի նրանք ֆինանսավորում ստացել են մրցութային կարգով։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ավելացրեց, որ խոսքը պետական կազմակերպության աշխատակիցների մասին չէ։ «Մարդիկ երեք ամիս է իրենց աշխատավարձը չեն ստացել, սա աննորմալ է։ Եթե մրցույթով է, ինչու մինչեւ հիմա չի եղել։ Այսօր մարտի 21-ն է, ինչու չի եղել այդ մրցույթը»-ասաց վարչապետը։ Փոխվարչապետ Ավինյանն առաջարկեց, որ այսօրվա նիստում միանգամից լրացուցիչ կերպով որոշումը քննարկեն, վարչապետին դուր չեկավ Ավինյանի առաջարկը։ Նիկոլ Փաշինյանը պահանջեց հրաժարվել վերջին րոպեին որոշումներ կայացնելու գործողություններից։

Նիստի օրակարգին անցնելուց հետո ընդունվեց չզեկուցվող փաթեթը։

 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվեց Վահագն Վերմիշյանը։ Ներկայացնելով իրեն, Վերմիշյանն ասաց, որ ճարտարապետ է, եղել է Ստեփանավանի գլխավոր ճարտարապետը, տարբեր երկրներում է աշխատել, մեկ ու կես տարի է վերադարձել է Հայաստան եւ որոշել է աշխատել իր հայրենիքի համար։ Վարչապետը շնորհավորեց Վերմիշյանին եւ հաջողություններ մաղթեց։