«Քանի դեռ Ադրբեջանը չի խոսում իր զիջումներից, չակնկալեք դա մեզանից». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր (տեսանյութ)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանի խոսքով` ատելության վերաբերյալ քարոզչական կոչերով հայտնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բավականին բարդ իրավիճակում է կարող հայտնվել, որովհետև Հայաստանի պարագայում պետական մակարդակով երբևէ ատելության քարոզ չի եղել, որը հնարավորություն է տալիս խաղաղության մասին խոսել։ «Փաշինյանը բազմիցս նշել է, որ մենք չենք պատրաստվում բանակցել Ղարաբաղի անունից։ Դա շատ կարևոր է, և պետք չէ դա երբևիցե մեկնաբանել այն առումով, որ Հայաստանը չի ցանկանում պատասխանատվություն վերցնել։ Հայաստանը հստակ հայտարարել է, որ Արցախի անվտանգության երաշխավորը եղել է, կա և մնալու է»,- շեշտում է Հայրապետյանը՝ հավելելով, որ հարցն այն է, թե բանակցային գործընթացում դերաբաշխումն ինչպիսին է լինելու։ Իսկ Արցախի միջազգային ճանաչմանը, սուբյեկտայնության բարձրացմանը հասնելու համար, ըստ ադրբեջանագետի, պետք է առաջին քայլը լինի Արցախին բանակցային սեղան վերադարձնելը։ «Արցախի դուրս մղումը և 98-ից մինչ այսօր ծավալվող բանակցությունները, ըստ էության, առանձնակի դրականությամբ աչքի չեն ընկել։ Այն առումով, որ պատերազմական հռետորաբանությունն է աճել, մենք ունեցանք 16-ի ապրիլ։ Ուստի պետք է մեր դիվանագիտական քայլերով, ջանքերով փորձենք բացատրել թե՛ միջազգային մեր գործընկերներին, թե՛ նաև Բաքվին, որ. «Եթե դու չես համակերպվում անգամ բանակցային սեղան Արցախի վերադարձին, ապա շատ դժվար է խոսել առարկայական խաղաղության մասին»։ «Մենք չենք առաջարկում ձևաչափ։ Մենք ասում ենք՝ «Էկեք վերականգնենք լիարժեք ֆորմատը, որովհետև թերարժեք ֆորմատով մենք առարկայական հաջողությունների չենք հասել»»,- ընդգծում է ադրբեջանագետը։ «Հայաստանը շատ հստակ դրույթ ունի՝ «Ինչ էլ որ խոսաք։ Ինչ էլ որ քննարկենք, քանի դեռ մենք չենք խոսում խաղաղությունից, մենք չունենք խաղաղության դիսկուրս Ադրբեջանում, մենք որևէ էական համաձայնության չենք կարող գնալ։ Եվ պետք չէ որևէ ձև ակնկալել, որ Հայաստանի նոր իշխանությունները պատրաստվում են միակողմանի զիջումների։ Եվ քանի դեռ Ադրբեջանը չի խոսում իր զիջումներից և իր կարմիր գծերից, չակնկալեք դա մեզանից»,- եզրափակեց Տաթեւ Հայրապետյանը։