Կարո՞ղ են գերտերությունների ղեկավարները ծեծել Ալիևին. բանավիճում են քաղաքագետները (տեսանյութ)
«Հայաստանն սկսել է նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարել»,- համոզված է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։ Նա միանշանակ դրական է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան և Բրյուսել այցերի արդյունքները։ Սերգեյ Շաքարյանցը չի շտապում գնահատական տալ։ «Այո՛, բարձր մակարդակի ընդունելություն է եղել, բայց՝ որքանով կիրագործվեն պայմանավորվածությունները, ես չեմ կարող գնահատել»,- նշում է պարոն Շաքարյանցը։ Ստեփան Սաֆարյանն այն կարծիքին է, որ աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի շահից չի բխում մեր տարածաշրջանի ապակայունացումը։ Սերգեյ Շաքարյանցն ակնարկում է, որ ԱՄՆ-ը կարող է փորձել ապակայունացնել տարածաշրջանը։ Երկու բանախոսն էլ միանշանակ դրական են գնահատում Սիրիա հայկական հումանիտար առաքելության գործուղումը։ Ստեփան Սաֆարյանը առաջընթաց է համարում այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկում է բանակցային սեղանի շուրջ վերադարձնել Արցախը՝ հիշեցնելով, որ այդ հնարավորությունից զրկվել ենք Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Սերգեյ Շաքարյանցին չի գոհացնում այն, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբում նախագահող պետությունների ղեկավարները չեն ծեծում Իլհամ Ալիևին» ու չեն ստիպում գալ կառուցողական դաշտ։ Քաղաքագետների բանավեճի մանրամասները՝ տեսանյութում։