Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Սիմոնյանի ՀՀԿ-ական  լինելը խնդիր չէ. «Իմ քայլի»  պատգամավոր (տեսանյութ)

Հասարակություն
hovhannes-nkar

«Իմ քայլը» խմբակցությունից  պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը վստահեցնում է՝ Երևանի պետական համալսարանի շուրջ ստեղծվածը քաղաքական որևէ տարր չի պարունակում: «Լինելով համալսարանական և այնտեղ դասավանդելով, չէի ցանկանա, որ համալսարանի շուրջ այսքան աղմուկ  բարձրացվեր և քաղաքականացվեր, որովհետև դա ազդում է դասախոսների աշխատանքի, ուսանողների սովորելու վրա»:  Խմբակցության պատգամավորների և Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկել են նաև Պետական վերահսկողության ծառայության կողմից մայր բուհում կատարած ստուգումների թեման: Պատգամավորը նշեց՝ ինքը տեղեկություն չունի,  թե ի՞նչ ֆինանսական խախտումներ է եղել բուհում: «Որքանով տեղյակ եմ  մամուլից՝ բժշկական գործունեության հետ է կապված»: Նախկին Կրթության և գիտության փոխնախարարը բացառում է, որ ԵՊՀ ռեկտորի նկատմամբ ճնշումներ լինեն: Կարծում է, որ որոշ շրջանակների կողմից են տարածվում այդ կեղծ լուրերը:   «Ես չէի ասի, թե ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը երկու մասի է բաժանվել, ես տեղյակ չեմ, թե մթնոլորտը ինչպես է, վաղը ցույց կտա»: Դիտարկմանը, թե ո՞վ է նոր իշխանության թեկնածուն ԵՊՀ ռեկտորի պաշտոնում,  քանի որ ԵՊՀ շենքի առջև վերջին երկու օրերին բողոքի ակցիա անողները նշում են, թե նոր իշխանությունը ուզում է իր նախընտրած ռեկտորին տեսնել, պատգամավորը ծիծաղելով պատասխանեց. «Նման մարդ գոյություն չունի այս պահին, որևէ անուն չի շրջանառվում»:  Իսկ լրագրողի այն հարցին, թե Արամ Սիմոնյանը լա՞վ ռեկտոր է, պատգամավորը  ծանր հոգոց հանելուց հետո ասաց. «Եկեք գնահատականներ չտանք էլի: Կրթության որակի փոփոխությունների հետ կապված, ես հակված չեմ ամեն հնի վրա խաչ քաշել, ամեն հինը սևացնել, ասել, որ ամեն ինչ վատ է, բոլորը վատն են, ես նմանատիպ մոտեցում չունեմ: Կարծում եմ, որ եղել են և՛ լավ, և՛ վատ փոփոխություններ: Ռեկտորատում նույնպես աշխատում են բավականին նորմալ, դրական, պրոֆեսիոնալ մարդիկ»: Հովհաննիսյանը շեշտեց՝ Արամ Սիմոնյանի կուսակցական  լինելը խնդիր չէ: