Դատարանի և ոստիկանության կողմից սադրանք էր. Գևորգ Սաֆարյան (տեսանյութ)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստը հետաձգվեց: ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետի կողմից ներկայացվել էր զեկուցագիր նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին: Ըստ զեկուցագրի՝ Գևորգ Սաֆարյանը դատական նիստի ընթացքում ելույթ ունեցող տուժող Արամ Հովհաննիսյանին բարձրաձայն վիրավորել էր անվանելով՝ հիմար, իսկ նիստին հետևող քաղաքացիների համար նախատեսված տեղերի աջ կողմում եղած քաղաքացիներից մեկը պատասխանել էր՝ հիմարը դու ես, քեզ կոռեկտ պահի: Այս խոսակցությունից հետո վեճ էր բռնվել քաղաքացիների միջև: Որից հետո քաղաքացիները հրաժարվեցին ենթարկվել նախագահող դատավորի և դատական կարգադրիչի՝ հանգստանալու հորդորներին: Այս դրվագի կապակցությամբ, ինչպես նաև նախորդ նիստերից մեկի ընթացքում տեղի ունեցած մի դրվագի կապակցությամբ դատարանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստն անցկացնել դռնփակ, իսկ լրատվամիջոցներին թույլատրվեց շարունակել հաջորդ նիստի հեռարձակումը առցանց կարգով առանց որևէ սահմանափակման: Դատավորի ելույթից հետո «Սասնա ծռեր» խմբի համակիրները դատարանի հասցեին ուղղված գոչեցին՝ ամոթ, համակիրներից մեկն էլ դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետին մեղադրեց, թե ինչու է զեկուցագրի մեջ նշել միայն Գևորգ Սաֆարյանի անունը և չի նշել վերջինիս պատասխանած քաղաքացու անունը: Իսկ Գևորգ Սաֆարյանը ստորաբաժանման պետին անվանեց ծպտյալ ոստիկան: «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Գեւորգ Սաֆարյանը նշեց, որ սա ոստիկանության և դատարանի կողմից նախապես ծրագրավորված սադրանք էր: Ոստիկանությունը, ըստ Սաֆարյանի, քաղաքացիական հագուստով ոստիկաններ էր ուղարկել դատարան, որոնք սադրանքների դիմեցին, ստեղծեցին կոնֆլիկտային իրավիճակ: «Եվ երբ ես և մյուսները կոնֆլիկտային իրավիճակը հանդարտեցնելու համար քաղաքացիներին ասացինք հետ եկեք, և մեր միջև կանգնեց հսկիչների պատը, նրանք այդ պատը շրջանցում էին, նորից մոտենում էին քաղաքացիներին, նորից վիրավորանքներ էին հասցնում, որպեսզի կոնֆլիկտային իրավիճակը երկար լինի»,- վստահեցնում է նա: Վերջինիս համոզմամբ՝ սրանով ակնհայտ է դառնում, որ դատարանն ու ոստիկանությունը սադրանքի էին դիմել, որպեսզի գործը փակեն: