Անհնազանդ դարպասապահը զրկվեց իր մեկ շաբաթվա աշխատավարձից՝ 225 հազար եվրոյից (տեսանյութ)
«Չելսի» ֆուտբոլային ակումբն ավարտել է Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի եւ դարպասապահ Կեպա Արիսաբալագայի միջեւ տեղի ունեցած միջադեպի հետաքննությունը: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի վերջում Մաուրիցիո Սարիին ցանկացել էր փոխարինել իսպանացի դարպասապահին, սակայն վերջինս հրաժարվել էր իր տեղը զիջել թիմի մյուս դարպասապահ Վիլի Կաբալյերոյին: Արդյունքում, իտալացի մասնագետը բարկությունից ձեռքի տակ ընկած շիշը շպրտել է գետնին եւ ուղղվել դեպի հանդերձարան: Ճիշտ է, շուտով նա վերադարձել է իր տեղը, սակայն որոշ ժամանակ չի կարողացել զսպել իր զայրույթը եւ անընդհատ պահանջել է Կեպայի փոխարինումը: Ի վերջո, իսպանացի դարպասապահը շարունակել է հանդիպումը, անառիկ է պահել սեփական դարպասը, սակայն հետխաղյա 11մ հարվածների ժամանակ անվստահ է խաղացել, եւ չի կարողացել իր թիմի փրկել պարտությունից՝ 3:4: Ինչպես հայտնում է «Չելսի» մամուլի ծառայությունը, ակումբը որոշվել է տուգանել Կեպային մեկ շաբաթվա աշխատավարձի չափով (մոտ 225 հազար եվրո): Այդ գումարը կփոխանցվի «Չելսիի» բարեգործական հիմնադրամին: