Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» լիովին պատրաստ է առաջնության վերսկսմանը. Արամ Ոսկանյան (տեսանյութ)

Սպորտ
a1alashkert

Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ամփոփել է թիմի ձմեռային նախապատրաստական փուլը, խոսել համալրումների եւ առաջիկա ծրագրերի մասին: «Շատ լավ աշխատանք կատարեցինք նախապատրաստական փուլի ընթացքում: Սկզբում մարզվեցինք Երևանում, աշխատեցինք ֆունկցիոնալ վիճակի բարելավման վրա: Այնուհետև երկու բեղմնավոր արտասահմանյան հավաք անցկացրեցինք: Ծանրաբեռնված մարզումներին զուգահեռ 6 ստուգողական հանդիպումներ ունեցանք: Կարևորում եմ այն փաստը, որ ստուգողական խաղերում հանդես էինք գալիս հիմնական կազմով և ռոտացիայի քիչ էինք դիմում: Մենք պահպանել ենք մեր ուժեղագույն ֆուտբոլիստներին և թիմի կորիզը ու այդ պարագայում մեր գլխավոր նպատակը խաղակցվածությունը բարելավելն էր: Միևնույն ժամանակ, կետային սելեկցիա ենք կատարել` կոնկրետ խաղային դիրքերն ուժեղացնելու նպատակով: Կազմում շատ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկար: Մենք համալրվել ենք Դենիս Թումասյանի և Ալեքսանդր Պրուդնիկովի նման փորձառու և որակյալ ֆուտբոլիստներով: Սակայն, սելեկցիոն աշխատանքն ավարտված չէ, դեռ կունենանք համալրումներ: Ստուգողական հանդիպումներում ուժեղ մրցակիցների հետ խաղացինք, ունեցանք 4 հաղթանակ, 1 ոչ-ոքի և մեկ պարտություն: Գոհացնող էին թե թիմի խաղը, թե արդյունքները, սակայն չեմ դեռ շատ անելիքներ կան: Ունեցածով բավարարվելու միտք անգամ չունենք, քանի որ «Ալաշկերտը» մեծ ներուժ ունի, որը մենք պետք է լիովին բացահայտենք: Այսօր մեր թիմում առողջ մրցակցություն կա բոլոր խաղային դիրքերում, ինչն առաջընթացի գլխավոր նախապայմաններից մեկն է: 11 հոգով չեմպիոն չեն դառնում: «Ալաշկերտը» լիովին պատրաստ է առաջնության վերսկսմանը: Գտնվում ենք առաջին հորիզոնականում և մեր նպատակն անփոփոխ է, ցանկանում ենք չորրորդ տարին անընդմեջ նվաճել չեմպիոնի կոչումը», - ասել է առաջատարի գլխավոր մարզիչը: Երկօրյա հանգստից հետո ալաշկերտցիները կվերսկսեն մարզումները` նախապատրաստվելով առաջնության 20-րդ տուրի «Փյունիկի» հետ հանդիպմանը, որը կկայանա մարտի 2-ին «Ալաշկերտ» մարզադաշտում եւ կմեկնարկի ժամը 14:00-ին: