Էլինա Դանիելյանը չդիմացավ Աէրոֆոլոտ Օփենի լարվածությանը
Հայաստանի շախմատիստները շարունակում են պայքարը Մոսկվայում ընթացող Աէրոֆոլոտ Օփեն միջազգային խոշոր մրցաշարի հաղթողի կոչման համար: Ա խմբի մրցումներում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Մեր 5 մասնակիցներից այս անգամ հաղթանակ տարան Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Արամ Հակոբյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը եւ Շանթ Սարգսյանը բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով: Մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել Կրիշնան Սաշիկիրանը: Նրան հաջորդում են հինգ շախմատիստ, որոնք հետ են մնում 1 միավորով: Նրանցից մեկը Հայկ Մարտիրոսյանն է, որն այսօր լավ հնարավորություն ունի վերացնելու միավորի այդ անջրպետը, քանի որ հանդիպելու է հենց հնդիկ գրոսմայստերի հետ: Վեց տուրից հետո Տիգրան Լ. Պետրոսյանն ունի 4 միավոր, Մանուէլ Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը՝ 3,5-ական, իսկ Արամ Հակոբյանը՝ 3: Բ խմբի մրցումներում հաջող են հանդես գալիս միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը, որոնք վեց հնարավորից վաստակել են 4,5-ական միավոր եւ այժմ բաժանում են 3-11-րդ տեղերը: Իսկ ահա մեր առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը, որը չորս տուրից հետո ուներ 3,5 միավոր եւ ընթանում էր առաջատարների խմբում, երեկ կայացած երկու մրցափուլերում պարտություններ կրեց եւ նահանջեց 50-րդ հորիզոնական: Գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը նույնպիսի արդյունքով զբաղեցնում է 41-րդ տեղը: